ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Մենք մեր առջև չենք դնում ոչ մի կոալիցիայի նպատակ, մենք գնում ենք հաղթելու․ Աբովյան

Մենք մեր առջև չենք դնում ոչ մի կոալիցիայի նպատակ, մենք գնում ենք հաղթելու․ Աբովյան

Շանտաժիստը մտել է մեր տարածք և հիմա նախապայմաններ է դնում, եթե ինչ -որ մի քաղաքական համակարգ ենթարկվում է շանտաժիստի բոլոր պահանջներին, դադարելո՞ւ է շանտաժը, թե ոչ։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ԲՀԿ խմբակցության քարտուղար Արման Աբովյանը:

«Չի դադարելու պարզ պատճառով՝ թե՛ Թուրքիան և թե՛ Ադրբեջանը նպատակ չունեն բարելավվելու Հայաստանի և Արցախի հետ իրենց հարաբերությունները, իրենք նպատակ չունեն տարածաշրջանում որոշակի դրական, դեպի կայունություն տանող քայլեր կատարելու: Եվ որքան ՀՀ իշխանությունները խոսում են դելիմիտացիայի, դեմարկացիայի մասին և ասում՝ եթե դա չլինի, զորքը չեն հանի, այդքան մեր իրավիճակը ավելի է ծանրանում»,- ընդգծեց նա:

Դիտարկմանը, թե այս ամենը նաև կապված է ՀԱՊԿ-ի վարկանշի հետ, ստացվում է, որ Ադրբեջանը ոչ միայն հայկական կողմին է սադրում, այլ Ռուսաստանին և ՀԱՊԿ-ին, Աբովյանն ասաց.

«Ադրբեջանը և Թուրքիան գնում են լարվածության գեներացման, որը միանշանակ ձեռնտու չէ ո՛չ ՀԱՊԿ-ին, ո՛չ Ռուսաստանին: Թե՛ ՀԱՊԿ-ն, թե՛ Ռուսաստանը շարժվում են հիմնական դերակատարի տեսլականի ներքո, Ադրբեջանը և Թուրքիան նպատակ ունեն ՀԱՊԿ-ին, Ռուսաստանին դուրս մղել տարածաշրջանից, եթե մենք կարծում ենք, թե ՀԱՊԿ-ն դա չի հասկանում, մենք սխալվում ենք: Այստեղ տեղի է ունենում տարածաշրջանային խաղ, և այդ խաղում մենք չպետք է լինենք լոկ դիտորդ կամ քաղաքական միավոր, որը ենթադրվում է, որ պետք է լինի ռազմական ճնշման տակ»:

Հարցին՝ ԲՀԿ-ն ՔՊ-ի հետ հետընտրական կոալիցիա կկազմի՞, Աբովյանն ասաց.

«Մենք մեր առջև չենք դնում ոչ մի կոալիցիայի նպատակ, նույնիսկ չենք էլ դիտարկում, մենք գնում ենք հաղթելու, և մենք ենք ձևավորելու իշխանություն»։

Հարցին էլ, թե Գագիկ Ծառուկյանի խնամին՝ Խաչատուր Սուքիասյանը, ՔՊ ցուցակով է ընտրություններին մասնակցելու, խնամիները լինելու են հակառակ բևեռներում, պատասխանեց. «Թույլ տվեք չմեկնաբանում, ընտանեկան հարցը հարիր չէ»:

  • Կիսվել: