երեքշաբթի, մայիս 21
21 / 5 / 2024
Մենք լիարժեք ներգրավված ենք Ադրբեջանի հետ բանակցային գործընթացում և առաջիկայում էլ ներգրավված կմնանք՝ տրամադրված լինելով արդյունքներ գրանցել և ոչ թե բանակցել բանակցելու համար. Փաշինյան

Մենք լիարժեք ներգրավված ենք Ադրբեջանի հետ բանակցային գործընթացում և առաջիկայում էլ ներգրավված կմնանք՝ տրամադրված լինելով արդյունքներ գրանցել և ոչ թե բանակցել բանակցելու համար. Փաշինյան

Այսօր ես և պարոն վարչապետը բավականին կառուցողական մթնոլորտում ունեցել ենք բավական բարդ և հագեցած քննարկումներ, որոնք ներառում են երկկողմ համագործակցության ամենատարբեր ոլորտներ: Այս մասին Չեխիայի վարչապետի հետ համատեղ ասուլիսում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Երկկողմ օրակարգից զատ անդրադարձել ենք նաև անվտանգային և տարածաշրջանային նշանակության հարցերի: Բարձր եմ գնահատում մեր երկու երկրների միջև առկա համագործակցությունն ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափերում՝ այդ թվում Հայաստան-ԵՄ գործընկերության համատեքստում, ինչպես նաև Չեխիայի գործուն աջակցությունն այդ հարաբերությունների զարգացմանը: Չեխիայի վարչապետին շնորհակալություն եմ հայտնել Հայաստանի ժողովրդավարությանն աջակցելու համար, այս համատեքստում ընդգծել եմ նաև Չեխիայի աջակցությունը Հայաստանի տարածքում Ադրբեջանի հետ սահմանի երկայնքով ԵՄ-ի երկարաժամկետ մոնիթորինգի առաքելություն տեղակայելու որոշմանը»,-  ասաց ՀՀ վարչապետը:

Վարչապետը ցավով նշեց, որ ի հեճուկս բոլոր ջանքերի, իրավիճակը մեր տարածաշրջանում շարունակում է մնալ լարված. «Դրա պատճառն այն է, որ չնայած հանրահայտ պայմանավորվածություններին, Ադրբեջանը շարունակում է ուժի և ուժի սպառնալիքի կիրառման քաղաքականությունը՝ անընդհատ էսկալացնելով իրավիճակը Հայաստանի հետ սահմանին, ԼՂ-ում և Լաչինի միջանցքում: Լաչինի միջանցքում անցակետ տեղադրելու Ադրբեջանի որոշումը և դրան նախորդած միջանցքի արգելափակումը 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության և Արդարադատության միջազգային դատարանի փետրվարին կայացրած միջանկյալ որոշման կոպիտ խախտում են:

Արդեն չորս ամիս՝ ԼՂ ժողովուրդը զրկված է ազատ տեղաշարժի հնարավորությունից, ավելին՝ Ադրբեջանը խափանել է ԼՂ-ի բնական գազի և էլեկտրական էներգիայի մատակարարումը, սնունդը ԼՂ-ում վաճառվում է կտրոններով և այսպիսով այնտեղ հաստատված է հումանիտար ճգնաժամ:

Մենք կարծում ենք, որ միջազգային հանրությունը պետք է իրավիճակի հստակ և հասցեական գնահատական տա, մանավանդ, որ մեր գնահատմամբ Ադրբեջանի վերը նշված գործողությունները ԼՂ-ում հայերի էթնիկ զտումներ իրականացնելու նախապատրաստություններ են: Այս համատեքստում ԼՂ և Լաչինի  միջանցք միջազգային փաստահավաք խմբի առաքումը համարում ենք անհրաժեշտ: Միևնույն ժամանակ ցանկանում եմ ընդգծել, որ ի հեճուկս բոլոր դժվարությունների՝ Հայաստանի կառավարությունը որդեգրել է խաղաղության օրակարգը, մենք կարծում ենք, որ խաղաղությունը մեր տարածաշրջանում այլընտրանք չունի և դա ոչ միայն նպատակ է, այլև՝ միջոց, ժողովուրդների և պետությունների հարաբերությունների կարգավորման և հետագա զարգացման համար:

Մենք լիարժեք ներգրավված ենք Ադրբեջանի հետ բանակցային գործընթացում և առաջիկայում էլ ներգրավված կմնանք՝ տրամադրված լինելով արդյունքներ գրանցել և ոչ թե բանակեցել բանակցելու համար: Այս նպատակին հասնելու համար  մենք հույս ունենք, որ Ադրբեջանը կհրաժարվի ուժի և ուժի կիրառման սպառնալիքի քաղաքակնությունից և ակնկալում ենք, որ միջազգային հանրությունը նույնպես Ադրբեջանին ուղղված նման ուղերձով հանդես կգա»:

  • Կիսվել: