կիրակի, մայիս 12
12 / 5 / 2024
Մենք կոչ ենք անում, որ զորքերը հայելաձև երկու կողմերից հետ քաշվեն. ՀՀ-ում ԱՄՆ դեսպան

Մենք կոչ ենք անում, որ զորքերը հայելաձև երկու կողմերից հետ քաշվեն. ՀՀ-ում ԱՄՆ դեսպան

ԱՄՆ-ն կողմ չէ անդրսահմանային հրաձգությանը, որը կարող է վտանգել որեւէ քաղաքացիական անձի: Այս մասին Հանրային ՀԸ-ի եթերում ասել է ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպան Քրիստինա Քվինը:

՛՛Մենք կոչ ենք անում, որ զորքերը հայելաձեւ երկու կողմերից հետ քաշվեն, որպեսզի նվազի նման միջադեպերի հավանականությունը՛՛,-նշել է նա:

Դեսպանն անդրադարձել է դիտարկմանը, որ կայուն բանակցությունների համար գուցե անհրաժեշտ է կարգավորել Հայաստանի անվտանգային բալանսը, եւ հարցին՝ արդյոք Միացյալ Նահանգները տեսնու՞մ է պոտենցիալ՝ անվտանգային հարցում օգնելու, նա պատասխանել է. ՛՛Մենք ունենք անվտանգության ոլորտում հարաբերություններ Հայաստանի հետ: Մենք արդեն Հայաստանի դիմումի համաձայն անում ենք բաներ, որոնցով օգնում ենք Հայաստանին՝ անվտանգության ոլորտում. օրինակ՝ մենք արդեն տեւական ժամանակ է, ինչ բարձր ենք գնահատում Հայաստանի մասնակցությունը համաշխարհային խաղաղապահ ջանքերին: Մենք բազամաթիվ վարժանքներ եւ այլ աշխատանքներ ենք տարել Հայաստանի հետ, որոնց միջոցով օգնում ենք խաղաղապահ առաքելություններին՝ Հայաստանի մասնակցությունը:

Հայաստանի դիմումի համաձայն՝ մենք նաեւ ռազմաբժշկական տեխնիկական միջոցներ ենք տրամադրել: Մենք նաեւ փոխանակման ծրագրեր ունենք հայկական բանակի մասնագետների հետ. նրանք գալիս են ԱՄՆ եւ տեսնում են, թե ինչպես ենք մենք գործում, այսպիսով՝ մենք անվտանգության ոլորտում արդեն իսկ ունենք հարաբերություններ Հայաստանի հետ: Մենք քննարկում ենք, թե Հայաստանին լրացուցիչ ինչ կարող է անհրաժեշտ լինել՛՛:

Անդրադառնալով Ադրբեջանի կողմից Հայաստանից ՛՛միջանցք՛՛ պահանջելուն՝ Քրիստինա Քվինը ասել է, որ սպառնացող հռետորաբանությունը չի օգնում, օգտակար չէ խաղաղության գործընթացներում առաջ շարժվելու համար:

՛՛Մենք խրախուսել ենք կողմերին, որ քննարկեն թե տրանսպորտային համակարգն ինչպես կարելի է բարելավել: Դրան աջակցելու համար Միացյալ Նահանգների Միջազգային զարգացման գործակալությունը տրանսպորտային ոլորտի ուսումնասիրություն է կատարել Հայաստանի համար, որով ներկայացված են տարբեր երթուղիներ ոչ միայն Ադրբեջանի, այլեւ ընդհանրապես: Ցանկանում ենք դրան աջակցել, եւ երկու կողմերը, վերջին հաշվով, իրենք պետք է քննարկեն, թե կոնկրետ ինչպես է դա տեղի ունենալու՛՛,-նշել է նա:

Դիտարկմանը, որ միջանցքի դեպքում առաջանում է նաեւ պետության սուվերենության հարցը, դեսպանն արձագանքել է. ՛՛Կարծում եմ՝ ընդհանրապես տարածաշրջանում ավելի լավ տրանսպորտային ուղիներ ունենալը միայն դրական ազդեցություն կունենա Հայաստանի պարագայում, կօգնի, որ հայկական ապրանքները հասնեն այլ վայրեր, որպեսզի Հայաստան ապրանքներ բերվեն տարբեր վայրերից...՛՛:

  • Կիսվել: