Դանիայի խորհրդարանը վավերացրել է ԱՄՆ-ի և Գրենլանդիայի հետ անվտանգության մասին համաձայնագիրը
Դանիայի խորհրդարանն այսօր վավերացրել է սեպտեմբերին ԱՄՆ-ի և Գրենլանդիայի հետ ստորագրված անվտանգության մասին համաձայնագիրը: Այս մասին տեղեկացնում է Ֆրանսպրես-ը:
Նշվում է, որ որոշումը կարող է թուլացնել լարվածությունը, որն առաջացել է Արկտիկայի ամենամեծ կղզին Միացյալ Նահանգներին միացնելու՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ձգտման հետևանքով։
Փաստաթղթի վավերացմանը կողմ են քվեարկել Դանիայի՝ 179 անդամից բաղկացած խորհրդարանի նիստին ներկա բոլոր 109 պատգամավորները։ Քվեարկությունը տեղի է ունեցել համաձայնագրի երկրորդ ընթերցումից հետո և անցել առանց քննարկումների ու առարկությունների։
Հիշեցնենք, որ նոյեմբերի սկզբին համաձայնագիրը հավանության էր արժանացել Գրենլանդիայի խորհրդարանում. 16 պատգամավոր կողմ էր քվեարկել, յոթը՝ ձեռնպահ մնացել։
Փաստաթուղթը ստորագրվել է սեպտեմբերի 22-ին Նյու Յորքում և լրացնում է Գրենլանդիայում ԱՄՆ-ի ռազմական ներկայության մասին 1951 թվականի համաձայնագիրը։ Այն Վաշինգտոնին թույլ է տալիս կղզում երկու ռազմակայան կառուցել, ինչպես նաև սահմանափակում է Եվրամիության և ՆԱՏՕ-ի անդամ չհանդիսացող երկրների մուտքը տնտեսության ռազմավարական ոլորտներ։ Այդ միջոցը կոչված է կանխելու կղզում Չինաստանի և Ռուսաստանի ազդեցության ուժեղացումը, մասնավորապես՝ ներդրումների միջոցով։
Ինչպես հայտնի է՝ Գրենլանդիան Դանիայի ինքնավար տարածք է։ Ընդ որում, համաձայնագիրը կշարունակի գործել, նույնիսկ եթե կղզին լիակատար անկախություն ձեռք բերի։
2025 թվականի հունվարին Սպիտակ տուն վերադառնալուց ի վեր Թրամփը բազմիցս հայտարարել է, որ ռազմավարական նկատառումներով ԱՄՆ-ին անհրաժեշտ է վերահսկողություն հաստատել Գրենլանդիայի նկատմամբ։ Այդ հայտարարությունները մտահոգություն են առաջացրել Դանիայում, որը ՆԱՏՕ-ում Վաշինգտոնի դաշնակիցն է, ինչպես նաև ԱՄՆ-ի մյուս գործընկեր երկրներում։


