շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Մենք խաղաղության օրակարգից չենք հրաժարվել, չենք հրաժարվում և չենք հրաժարվելու. Փաշինյան

Մենք խաղաղության օրակարգից չենք հրաժարվել, չենք հրաժարվում և չենք հրաժարվելու. Փաշինյան

Այսօր ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը հարց ուղղեց վարչապետ Նիկոլ Փաշինյանին. «Ուզում եմ հասկանալ՝ ի՞նչ հույսով եք Դուք երկու տարի շարունակ հայտարարում յուրաքանչյուր դեկտեմբեր ամսին ավելի ջանասիրությամբ, որ մոտ է «խաղաղություն» կոչվող պայմանագրի ստորագրումը»:

Նա հիշեցրեց, որ նախորդ տարի դեկտեմբերի 14-ին Փաշինյանը հայտարարեց, որ Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնության են եկել 3 հիմնական սկզբունքների շուրջ այն ըմբռնմամբ, որ ՀՀ տարածքը 29 800 քկմ է։

«Ես ծանոթացել եմ առաջարկներին և ասում եմ՝ այդ առաջարկներում չկա որևէ կետ, որով Ադրբեջանը ճանաչում է Հայաստանի 29 800 քառակուսի կմ-ն։ Ավելին՝ հրաժարվում է դուրս գալ 200 քառակուսի կմ օկուպացված տարածքներից։

Ասում եք՝ Ադրբեջանը համաձայնել է դելիմիտացիա իրականացնել Ալմա Աթայի համաձայնագրի հիման վրա։ Սուտ է, չկա նման կետ՝ առնվազն այն առաջարկներում, որոնք մենք տեսել ենք։ Ասում եք՝ Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններ տարածաշրջանի կոմունիկացիաները կողմերի ինքնիշխանության և լիազորությունների հիման վրա պետք է բացվեն։ Ալիևն այս կետին ամբողջությամբ պատասխանել է։

Հիմա ուզում եմ հասկանալ՝ որևէ սկզբունքային հարցի շուրջ որևէ համաձայնություն չկա, մեր խեղճ ժողովրդին՝ պատերազմներից ու կորուստներից հոգնած, անընդհատ խաղաղության տեսիլքով խաբելը ինչքա՞ն պետք է շարունակվի»,- ասաց Վարդանյանը:

Փաշինյանն էլ ասաց․ «Ես չեմ հիշում՝ անոնս արած լինենք, որ խաղաղության պայմանգիր ենք ստորագրում։ Ասել եմ՝ կա հավանականություն, պրոցեսներ կան: Ուզում եմ ձեր զարմացած հայացքներին արձագանքել հետեւյալով, որ 2011-ին տեքստը համաձայնեցված է եղել, ինչպես Սերժ Սարգսյանն է ասել իր հարցազրույցում, միջազգային լիդերները զանգել են, համարյա շնորհավորել են, քաջալերել են: Էդ ինչի՞ եք զարմացած:

Մենք խաղաղության օրակարգից չենք հրաժարվել, չենք հրաժարվում և չենք հրաժարվելու: Սա շատ կարևոր արձանագրում է, որովհետև մեր քաղաքական տեսլականը դա է, և դա շարունակելու ենք, որովհետև մենք Ադրբեջանի տրամաբանությամբ չենք հռչակել խաղաղության օրակարգը: Մենք մեր տրամաբանությամբ ենք հռչակել խաղաղության օրակարգը, իհարկե, այն ըմբռնմամբ, որ խաղաղությունը միակողմանի գործողություն չէ:

Բայց եթե, օրինակ՝ Ադրբեջանը նահանջում է խաղաղության օրակարգից, դա չի նշանակում, որ մենք էլ պետք է հրաժարվենք: Ընդհակառակը, կարող է մենք ավելի շատ շեշտադրումներ անենք, ավելի խորը պետք է հիմնավորենք, ավելի շատ պետք է փաստարկենք»,- ասաց վարչապետը:

 

  • Կիսվել: