Միասնական մոտեցում՝ ապրանքների ներմուծման թույլատրելի ծավալի բաշխումն իրականացնելիս
Գործադիրը սահմանել է ՀՀ տարածք սահմանափակման ենթակա ապրանքների ներմուծման մեկանգամյա և գլխավոր լիցենզիաների տրամադրման կարգը և ձևերը:
Ըստ հիմնավորման՝ ներկայումս հանրապետության տարածք ներմուծվող առանձին տեսակի ապրանքների ներմուծման թույլատրելի ծավալի բաշխման ընթացակարգերը սահմանվում են Կառավարության առանձին որոշումներով, որոնք որոշ դեպքերում տարբերվում են միմյանցից և չեն համապատասխանում Եվրասիական տնտեսական միության իրավական ակտերին։ Վերոնշյալ որոշումներով սահմանված բաշխման ընթացակարգի առանձնահատկություններով պայմանավորված՝ միասնական մոտեցման բացակայությունը դժվարություններ է առաջացնում ինչպես գործարար միջավայրի, այդպես էլ ներմուծումը կարգավորող գործընթացում ներգրավված պետական լիազոր մարմինների համար։
Որոշման ընդունումը թույլ կտա միասնական մոտեցում ունենալ այն ապրանքների բաշխման նկատմամբ, որոնց հանդեպ համապատասխան որոշումներով սահմանվել են ներմուծման թույլատրելի ծավալներ կամ ներմուծման առանձնահատկություններ։
Կարգով, մասնավորապես՝ սահմանվում են «պատմական» և «ոչ պատմական» գնորդներ հասկացությունները, ոչ պատմական գնորդների համար հստակեցվել է ապրանքների բաշխման կարգը, նախատեսվում է դրույթներ՝ համաձայն որոնց տնտեսվարող սուբյեկտներն իրավունք կունենան հրաժարվելու իրենց հատկացված ծավալից՝ ամբողջությամբ կամ մասնակի, ինչպես նաև կսահմանվեն ներմուծման թույլատրելի ծավալի չբաշխված քանակությունից ներմուծման նոր թույլատրելի ծավալ ստանալու համար հայտերի ներկայացման և լիցենզիաների տրամադրման ժամկետները։