շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
Մենք իրականացնում ենք փողոցային պայքարի նախապատրաստական աշխատանքներ. Մամիջանյան

Մենք իրականացնում ենք փողոցային պայքարի նախապատրաստական աշխատանքներ. Մամիջանյան

Չեմ կարող նշել փողոցային պայքարի մանրամասները, բայց ակնհայտ է, որ իրականացնում ենք նախապատրաստական աշխատանքներ։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է Հայաստանի Հանրապետական կուսակցության անդամ, ընդդիմադիր պատգամավոր Հայկ Մամիջանյանը։

Նա Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին կոչ է արել գլխից հանել այն միտքը, որ իրեն իշխանությունից կհեռացնի ՀՀԿ-ն՝ հավաստիացնելով, որ դա կանի  հայ ժողովուրդը։ «Մոտ ապագայում կգա պահը, երբ մենք կհրավիրենք հայրենասեր քաղաքացիներին ամենակարեւոր մրցույթին, ինչպես ասել է նախագահը (նկատի ունի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին- խմբ.)։ Մենք մեր գործը գիտենք, մենք մեր գործն արել ենք՝ սկսած 2018 թվականից։ Եվ անելու ենք»,- ընդգծել է Մամիջանյանը։

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի կալանավորման պատճառներից մեկը, նրա գնահատմամբ, այն է, որ նա առաջիններից մեկն է հրապարակել փաստաթուղթն այն մասին, որ Փաշինյանը բանակցություններ է վարում ըստ Արցախն Ադրբեջանին հանձնելու սկզբունքի։ «Փաշինյանը դա մարսել չի կարող»,- նշել է պատգամավորը։

Նա տեղեկացրել է, որ ՀՀԿ-ն շարունակում է աջակցության խոսքեր ստանալ միջազգային գործընկերներից Աշոտյանի հետապնդման առնչությամբ։

Մամիջանյանը հիշեցրել է, որ Սերժ Սարգսյանի նկատմամբ քրեական գործը հարուցվել էր 2020թ. հոկտեմբերի 5-ին, երբ բոլորը մտածում էին Արցախում պատերազմի մասին, որտեղ էլ գտնվում էր Սարգսյանը։

«Ներկա իշխանությունները հայրենասերներին չեն սիրում եւ մտածում են, որ քրեական գործերով կարող են վախեցնել նրանց, բայց դա այդպես չէ»,- հավաստիացրել է ընդդիմադիր պատգամավորը։

  • Կիսվել: