երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Մենք չենք ուզում Ադրբեջանի հետ սպառազինությունների մրցավազքի մեջ մտնել. Մենք առաջարկ ունենք. Փաշինյան

Մենք չենք ուզում Ադրբեջանի հետ սպառազինությունների մրցավազքի մեջ մտնել. Մենք առաջարկ ունենք. Փաշինյան

Մեր ինքնիշխանության եւ պետականության զարգացման հետագա գրավականը հարաբերությունների կարգավորումն է մեր հարեւանների հետ ոչ թե պատմական, այլ իրական Հայաստանի շահերի գիտակցման հիման վրա: Այս մասին այսօր կառավարության ծրագրի 2023 թվականի կատարողականի քննարկման ժամանակ իր ելույթում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Այդ քաղաքականությունը մարտահրավերներ ունի, որոնցից առաջինը Ադրբեջանի շարունակվող ագրեսիվ քաղաքականությունն է, որն արտահայտվում է սադրանքներով, ՀՀ ինքնիշխան տարածքների շարունակական օկուպացիայով, սպառազինությունների տասնյակ միլիարդների հասնող ձեռքբերումներով: Դրա անբաժանելի մաս են Ադրբեջանի հայտարարությունները Հայաստանի բանակի բարեփոխումների, պաշտպանական նոր կառույցների ձեւավորման, զինամթերքի ձեռքբերումների մասին: Այսինքն Ադրբեջանի կանխավարկածը ո՞րն է, որ ՀՀ-ն սեփական երկիրը պաշտպանելու ընդունակ բանակ չպետք է ունենա՞: Մարտունակ բանակ ունենալը յուրաքանչյուր երկրի ինքնիշխան իրավունքն է: Մյուս կողմից մենք էլ ենք կարծում, որ տարածաշրջանում սպառազինությունների մրցավազք սադրելը  լավ տեղ չի կարող տանել:

Բայց իրականությունն այն է, որ մենք չենք ուզում Ադրբեջանի հետ սպառազինությունների մրցավազքի մեջ մտնել:  Իսկ եթե Ադրբեջանն այդպես չի մտածում, մենք ասյ դեպքի համար էլ առաջարկ ունենք՝ ստեղծել  սպառազինությունների փոխադարձ վերահսկման մեխանիզմ, իրականացնել զորքերի հայելային հետքաշում սահմանային գծից, ինչն ի դեպ, կլուծի եւ Ադրբեջանի բարձրաձայնած 4 գյուղերի, եւ մեր 31 գյուղերի հարցերը: Իրականացնել սահմանային հատվածների պառազմականացում եւ ամբողջ սահմանի պահպանությունը հանձնել սահմանապահ զորքերին:

Այս բոլոր առաջարկություններն անարձագանք են մնում Ադրբեջանի կողմից: հույս ունենք դրական արձագանք ստանալ խաղաղության պայմանագրի մեր 8-րդ խմբագրմանը, որն Ադրբեջանին է փոխանցվել մարտի 14-ին: Հույս ունեմ, որ հայկական Բաղանիս, ադրբեջանական Բաղանիս-Այրում, հայկական Ոսկեպար, ադրբեջանական Աշաղա-Ասկիպարա, հայկական Կիրանց, ադրբեջանական Խեյրեմլի, հայկական Բերքաբեր, ադրբեջանական Կիզիմ-Հաջիլի գյուղերի հատվածում սահմանազատման հարցում կգանք համաձայնության, եթե ոչ ամբողջական, ապա հատվածական, ինչը էականորեն կփոխի մթնոլորտը մեր տարածաշրջանում»,- հայտարարեց ՀՀ վարչապետը:

  • Կիսվել: