երկուշաբթի, մայիս 13
13 / 5 / 2024
Մենք չենք փակելու Արցախի հակամարտության էջը. Վանեցյան

Մենք չենք փակելու Արցախի հակամարտության էջը. Վանեցյան

Այսօր Հանրային ՀԸ-ի եթերում ՛՛Պատիվ ունեմ՛՛ դաշինքի վարչապետի թեկնածու Արթուր Վանեցյանը վստահեցրեց, որ իրենք վերականգնելու են Արցախի հարցի լուծումները, որոնք միշտ եղել են սեղանին: ՛՛Մենք չենք փակելու Արցախի հակամարտության էջը, մենք չենք ասելու, որ Սև լճի 30 տոկոսի համար պատրաստ չենք կռվել, չենք ասելու, որ մեզ պետք չէ այն սարը, որի գլխին տարվա վեց ամիսը ձյուն է, մենք սարքելու ենք նորմալ, կայուն պետություն, որն այսօր չկա՛՛,-նշեց նա:

Հաղորդավար Պետրոս Ղազարյանի հարցին, թե ինչպե՞ս են պատրաստվում հինգ տարի հետո լուծել Արցախի հարցը, Վանեցյանն ասաց, որ այսօր ստեղծվել է մի իրավիճակ, երբ հանրությունը մտածում է Սյունիքը, Գեղարքունիքը պահպանելու մասին, քանի որ այսօր թշնամին ՀՀ ինքնիշխան տարածքում է:

Նա նաև նշեց. ՛՛Մենք առաջին հերթին պետք է լուծենք ՀՀ երկարաժամկետ անվտանգային միջավայրի ձևավորման հարցը: Առաջին հերթին պետք է աշխատեցնել դաշնակցային պարտավորությունները, ես չգիտեմ՝ ռուսները կատարում են իրենց պարտավորությունները, թե ոչ, բայց ունենք մի պատկեր, երբ 15 օրից ավելի ՀՀ տարածքում կան ադրբեջանցի զինվորականներ, որոնք դուրս չեն շպրտվում ո՛չ ՀՀ ԶՈՒ-ի կողմից, ո՛չ դիվանագիտական ճանապարհով: Ի՞նչ է առաջարկում Նիկոլ Փաշինյանը՝ հայելային եղանակով զորքերը պետք է գնան հետ՛՛: Վանեցյանը պարզաբանեց, որ եթե գործի այս տարբերակը, ապա երկու կողմն էլ 3,5 կմ պետք է հետ գնան, այդպիսով ստացվում է, որ ադբեջանական ԶՈւ-ն գնում և կանգնում է ճիշտ իր նախկին դիրքերում, իսկ ՀՀ ԶՈւ-ն Ադրբեջանի սահմանից հետ է գնում 7 կմ-ով:

Վանեցյանի խոսքով՝  սա լուծում չէ, բացի այդ՝ տեղի են ունենում զարգացումներ, օրինակ՝ ադրբեջանական կողմը գերիներ է վերցնում, սակայն ՀՀ-ն քայլեր չի անում, իսկ ՀՀ ԱԳ նախարարի ժամանակավոր պաշտոնակատարը և նրա թիմը հրաժարական են տալիս:

  • Կիսվել: