երկուշաբթի, հունիս 30
30 / 6 / 2025
Մենք չենք գործածում «Զանգեզուրի միջանցք» եզրույթը. Զախարովան՝ ադրբեջանցի լրագրողին

Մենք չենք գործածում «Զանգեզուրի միջանցք» եզրույթը. Զախարովան՝ ադրբեջանցի լրագրողին

Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան այսօր ճեպազրույցի ժամանակ, պատասխանելով ադրբեջանցի լրագրողի հարցին, հիշեցրել է, որ Մոսկվան չի գործածում «Զանգեզուրի միջանցք» եզրույթը։

Նշենք, որ ադրրբեջանցի լրագրողը հարցրել էր «Զանգեզուրի միջանցքի ապագա ռեժիմի վերաբերյալ հայկական կողմի հակասական հայտարարությունների» մասին:

Բացի այդ՝ ադրբեջանցի լրագրողն այդ հարցը կապել է հայ-իրանական սահմանային անցակետի անվտանգությունը ռուս սահմանապահների կողմից հայկական կողմին փոխանցելու հետ։

«Գիտեք, ուզում եմ Ձեր ուշադրությունը հրավիրել և ևս մեկ անգամ հիշեցնել, որ մենք ուղղակիորեն չենք գործածում «Զանգեզուրի միջանցք» եզրույթը, որի մասին խոսում եք։ Մենք չենք կիրառում այդ տերմինաբանությունը։ Հայ-իրանական և հայ-թուրքական սահմանին ռուս սահմանապահների առկայության հարցը բոլորովին այլ թեմա է։ Ինչ վերաբերում է ռուսական դիրքորոշմանը հաղորդակցությունների ապաշրջափակման վերաբերյալ, մենք արդեն մեկնաբանել ենք դա, և ինձ թվում է՝ Դուք լավ գիտեք մեր դիրքորոշումը, իսկ այն չի փոխվել։ Այն լուծվում է համապատասխան ձևաչափերով։ Մենք դրա համար անում ենք ամեն հնարավորը»,-ասել է Զախարովան։

  • Կիսվել: