հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Մենք չենք ասում՝ եթե ուզում եք մեզնից ավելին ստանալ, պետք է ազատվեք ռուսներից. ԵՄ-ն այդպես չի աշխատում. Ստանո

Մենք չենք ասում՝ եթե ուզում եք մեզնից ավելին ստանալ, պետք է ազատվեք ռուսներից. ԵՄ-ն այդպես չի աշխատում. Ստանո

ԵՄ արտաքին քաղաքականության հարցերով մամուլի խոսնակ Պետեր Ստանոն «Ազատությանը» տված հարցազրույցում անդրադարձել է Հայաստանի անվտանգությունը ամրապնդելու վերաբերյալ եվրոպացի նախկին պաշտոնյաների առաջարկներին:

Նա, մասնավորապես, նշել է. «Մենք տեղյակ ենք տարբեր դերակատարների բազմաթիվ առաջարկների մասին, բայց ըստ Եվրամիության աշխատակարգի՝ երրորդ երկրների հետ հարաբերություններին առնչվող հարցերը քննարկվում են անդամ պետությունների կողմից, այսինքն՝ տվյալ պահին գործող կառավարությունների կողմից։ Մեր դեպքում, օրինակ, դա Արտաքին հարաբերությունների խորհուրդն է։ Նոյեմբերին, երբ արտգործնախարարները քննարկում էին Հայաստանի հետ հետագա համագործակցության հարցերը, նրանք մատնանշեցին երեք ոլորտ, որտեղ մենք կարող ենք ավելին անել՝ Խաղաղության եվրոպական հիմնադրամը, Հայաստանի տնտեսության և հասարակության դիմակայունության ամրապնդումը և վիզային ռեժիմի ազատականացումը։ Սրանք են այն ոլորտները, որոնք ԵՄ-ն նախանշել է, և որոնց վրա հենց հիմա ցանկանում է կենտրոնանալ: Մենք հստակեցրել ենք նաև այլ ոլորտներ, որտեղ ցանկանում ենք կենտրոնացնել մեր ընդլայնված համագործակցությունը՝ կապի, էներգետիկայի ոլորտ, տնտեսության ամրապնդմանը վերաբերող հարցեր: Այնպես որ, իհարկե, առաջարկները շատ են, բայց ի վերջո խոսքը Հայաստանի ներկայացրած պահանջի և ի պատասխան Եվրամիության ներկայացրած առաջարկի մասին է, և եթե դրանք համընկնեն, կարելի է պայմանավորվել»,- ասել է Ստանոն։

Պատասխանելով Ռուսաստանի հետ ինտեգրման կառույցներից Հայաստանի դուրս գալու վերաբերյալ խոսակցություններին, թե արդյոք դա «տնային աշխատա՞նք է» Երևանի համար, Ստանոն նշել է, որ Հայաստանի «տնային աշխատանքը» բարեփոխումների շարունակումն է:

«Մենք խոսում ենք Հայաստանը քաղաքական և տնտեսական առումով ԵՄ-ին մոտեցնելու մասին։ Եվ դա ներառում է, իհարկե, բարեփոխումների վրա աշխատանք՝ ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդում և բարեփոխում, իհարկե, անհրաժեշտ տնտեսական բարեփոխումներ, օրենքի գերակայության ապահովում, կոռուպցիայի դեմ պայքար։ Եվ այս հարցում Հայաստանը հսկայական աշխատանք է կատարել։ Սա գնահատվեց այսօր և շարունակում է գնահատվել: Բայց, իհարկե, կան խնդիրներ, որոնք դեռ պետք է բարելավվեն»,- ասել է Ստանոն:

Նա հավելել է, որ ԵՄ-ն երբեք չի ասել, թե իր հետ աշխատելու համար պետք է հրաժարվել Ռուսաստանի հետ հարաբերություններից: «ԵՄ-ն այն դերակատարը չէ, որ ասի՝ եթե ուզում եք աշխատել մեզ հետ, պետք է հրաժարվեք բոլոր մյուս գործընկերներից: Մենք կողմ ենք ներառական համագործակցությանը։ Եթե կարծում եք, որ ձեր շահերից ելնելով կարևոր է կամ՝ լավ է, կամ ձեռնտու է Ռուսաստանի հետ ինչ-որ համագործակցություն ունենալը, կարող եք դա ունենալ, եթե այն չի հակասում ԵՄ քաղաքականությանը, օրինակ՝ մեր պատժամիջոցների քաղաքականությանը: Այսպիսով, եթե դուք ավելի սերտ կապեր եք զարգացնում ԵՄ-ի հետ, դա չի նշանակում, որ պետք է կրճատեք ձեր կապերը որևէ այլ գործընկերոջ հետ: Անկախ նրանից՝ դուք ցանկանում եք ունենալ ռուս զինվորներ, ռուսական ФСБ կամ որևէ այլ ռուսական իրավապահ մարմին ձեր հողում, դա ձեր ինքնիշխան որոշումն է: Մենք չենք ասում՝ եթե ուզում եք մեզնից ավելին ստանալ, պետք է ազատվեք ռուսներից։ ԵՄ-ն այդպես չի աշխատում»,- ասել է ԵՄ խոսնակը:

  • Կիսվել: