երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Մենք առաջարկել ենք՝ Տիգրանաշենը մնում է մեզ, Արծվաշենը՝ իրենց. Անկլավների հարցը այդ կարգով է լուծվելու. Գագիկ Մելքոնյան

Մենք առաջարկել ենք՝ Տիգրանաշենը մնում է մեզ, Արծվաշենը՝ իրենց. Անկլավների հարցը այդ կարգով է լուծվելու. Գագիկ Մելքոնյան

Ես համոզված եմ, որ մենք գնում ենք խաղաղության պայմանագրի, մենք Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչեցինք, եւ երբ բարձրաձայնեցինք Արցախը Ադրբեջանի կազմում, իրենք ավելի ոտավորվեցին, ավելի սկսեցին ուրիշ պահանջներ դնել եւ հիմա պահանջում են, որ այդ ամենը լինի թղթի վրա: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գագիկ Մելքոնյանը՝ անդրադառնալով Ադրբեջանի նախագահ Ալիեւի հայտարարություններին, ըստ որի ակնկալում են, որ հայկական կողմի հայտարարությունները  Արցախի մասով եւ անկլավների մասով փաստաթղթավորված լինեն:

«Բայց նաեւ մեր պահանջները պետք է լինեն թղթի վրա: Այնպես չէ, որ իրենք պահանջում են, մենք անում ենք: Դրա համար բանակցությունները շարունակվում են ԱՄՆ-ում, Եվրոպայում, որտեղ իրենց նաեւ պարտադրում են, ասում են՝ նաեւ դու պետք է ճանաչես դիմացինի պահանջները: Քանի որ Ադրբեջանն իրեն համարում է հաղթող, մտածում է, որ Երեւանն ուզեմ, Երեւանն էլ պետք է տաք ինձ: Եթե մենք էլ չպատժենք, Աստված կպատժի»,-ասաց նա:

Դիտարկմանը, որ հայկական կողմը խոսում է անկլավները զիջելու հնարավորության մասին, ՔՊ-ական պտգամավորն ասաց. «Կա՞ փաստաթուղթ, որ տվել ենք անկլավները: Ընդամենը խոսել ենք այն մասին, որ Տիգրանաշենը կարելի է փոխել Արծվաշենի հետ: Այսինքն տարածքը տարածքի դիմաց: Մեկ է, Արծվաշենը անկլավ է, Արցախի պես մի միջանցք էլ այնտեղ է պետք, որ գնաս Արծվաշեն, հետ գաս: Կամ իրենց մի միջանցք է պետք, որ գնան Տիգրանաշեն, հետ գան: Իրենք երբեք չեն գնալու Տիգրանաշեն, մենք էլ երբեք չենք գնալու Արծվաշեն: Դրա համար մերոնք առաջարկել են, որ Տիգրանաշենը մնում է մեզ, Արծվաշենը՝ իրենց: Անկլավների հարցը այդ կարգով է լուծվելու»,-հայտարարեց Գագիկ Մելքոնյանը:

Հարցին, թե որո՞նք են հայկական կողմի պահանջները բանակցություններում, պատգամավորը պատասխանեց. «Որ Ադրբեջանը ճանաչի Հայաստանի տարածքային ամբողջականությունը՝ 29 800 քառակուսի կմ-ն: Այն, որ մտել է Ջերմուկի հտված, Սոթքի հատված, պետք է դուրս գա: Սրանք են մեր պայմանները:

  • Կիսվել: