շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Մենք Ադրբեջանին պատերազմ հայտարարելու կոչ չենք անում․ ընդդիմադիր պատգամավոր

Մենք Ադրբեջանին պատերազմ հայտարարելու կոչ չենք անում․ ընդդիմադիր պատգամավոր

Ընդդիմադիր պատգամավորը վստահեցնում է, որ ընդդիմությունը Հայաստանի իշխանություններին Ադրբեջանին պատերազմ հայտարարելու կոչ չի հղում, այլ ասում է, որ հարկավոր է դիվանագիտական մակարդակում հասնել նրան, որ զսպվի Ադրբեջանի անհագ ցանկությունը։

Այս մասին ասաց Հայաստանի ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը խորհրդարանական ճեպազրույցում։

Պատգամավորը քննադատեց իշխանությանը՝ ադրբեջանական շարունակվող սադրանքների ֆոնին անընդհատ խաղաղության մասին խոսելու համար: «Մեր կոչն ամենևին Ադրբեջանին պատերազմ հայտարարելը չէ, այլ առնվազն միջազգային մակարդակում, դիվանագիտական մակարդակում հասնել նրան, որ զսպվի Ադրբեջանի այս անհագ ցանկությունը»,-նշեց Արծվիկ Մինասյանը:

Ըստ ընդդիմադիր պատգամավորի՝ Հայաստանի իշխանությունը զիջելու քաղաքականություն է իրականացնում: Այս համատեքստում նա կարևորեց, որ լինի իշխանափոխություն:

Անդրադառնալով դիտարկմանը, որ Հակարիի կամրջին ադրբեջանական հերթական սադրանքի ժամանակ, երբ ադրբեջանցի սահմանապահները փորձել էին դրոշ տեղադրել Հայաստանի ինքնիշխան տարածքում, նրանց ուղեկցել են նաև ՌԴ խաղաղապահները (խմբ․ ինչպես կարելի է ենթադրել տարածված տեսանյութերից), Մինասյանն ասաց․

«Միանշանակ դատապարտելի ու անընդունելի է դա։ Նման վարքագիծը մերժելի է՝ առավել ևս, երբ Հայաստանի տարածքում է փորձ արվում: Փառք ու պատիվ մեր սահմանապահ ուժերին, որոնք փորձում էին կանխարգելել»,-ասաց Մինասյանը:

Նա այս համատեքստում մեղադրեց Հայաստանի իշխանությանն այն օրակարգի համար, որ առաջ է մղվում քաղաքական, դիվանագիտական, միջազգային հարթության մեջ:

  • Կիսվել: