չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
Մենք 30-ամյա պաշարված ամրոցի ռեժիմից անցնում ենք բաց, խաղաղ համագործակցության ռեժիմին. ՔՊ պատգամավոր

Մենք 30-ամյա պաշարված ամրոցի ռեժիմից անցնում ենք բաց, խաղաղ համագործակցության ռեժիմին. ՔՊ պատգամավոր

Մենք անցնում ենք 30-ամյա պաշարված ամրոցի ռեժիմից բաց, խաղաղ, փոխշահավետ համագործակցության ռեժիմին, մենք այդ պատրաստակամությունն ենք հայտնում համայն աշխարհին։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՔՊ պատգամավոր Գուրգեն Արսենյանը։

«Հայ-ադրբեջանական 30-ամյա ամենօրյա տաք կամ սառը պատերազմն այս պահին ավարտվել է», - ասաց նա։

Իսկ թե ինչո՞ւ է թշնամին ՀՀ սուվերեն տարածքում՝ ասաց, որ այո՛, կան խնդիրներ, որոնք պետք է առօրյա ռեժիմով լուծել։ «Դա նաև ներկայությունն է թշնամու, խաղաղության պայմանագրի բովանդակությունն է, որը պետք է համաձայնեցվի երկու երկրների միջև, փոխադարձ պայմանավորվածություններն ու բոնուսները, որը կարող է լինել», - ասաց նա։

Ըստ Արսենյանի՝ 30 տարի ապարդյուն է անցել հայկական քաղաքական, տնտեսական, ինտելեկտուալ միտքը։ «Դրա արդյունքը մենք արձանագրեցինք, որպես ազգային իղձերի աղետ։ Հիմա մենք պետք է կարողանանք հասկանալ, որ պետական իղձերը դնենք ռելսերի վրա», - ասաց նա։

Արսենյանը հայտարարեց. «Ես խոսել ու շարունակելու եմ խոսել խաղաղությունից, որովհետև խաղաղությունը մեր ամենամեծ ռեսուրսն է։ Խաղաղության պարագայում հայ հասարակությունն անցնում է մի կենսագործունեության ռեժիմի, որը միայն օգտակար է մեզ», - նշեց նա։

  • Կիսվել: