շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Մեղրիի քաղաքապետի ընտանիքի պահեստի համար մաքսային արտոնությունները կչեղարկվեն. Սիսակ Գաբրիելյան

Մեղրիի քաղաքապետի ընտանիքի պահեստի համար մաքսային արտոնությունները կչեղարկվեն. Սիսակ Գաբրիելյան

Մեղրիի քաղաքապետի ընտանիքին պատկանող պահեստի մաքսային արտոնությունները կչեղարկվեն: Այս մասին Ազգային ժողովի արտահերթ նիստում Հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագծի քննարկման ժամանակ ասաց իշխող «Իմ քայլը» դաշինքի պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը:

Նա հիշեցրեց՝ դեռ 2017-ին Մեղրիի քաղաքապետ Մխիթար Զաքարյանը դիմել էր Կարեն Կարապետյանին, ով այդ ժամանակ հանրապետության վարչապետն էր` արտոնություններ հայցելով մաքսային այն պահեստների համար, որոնք պետք է բացվեին Մեղրիի անցակետից 1 կմ շառավղով:

Պատգամավորի խոսքով՝ նամակում նա նշել էր, որ դրա շնորհիվ նոր պահեստներ եւ աշխատատեղեր կբացվեն, իսկ այս վայրում կանգ առնող մեքենաները կազատվեն ճանապարհային հարկի վճարումից, որը Իրանի սահմանից Երեւան կազմում է 150-200 հազար դրամ:

Գաբրիելյանը, մասնավորապես, նշեց. «Հարցն այն է, որ 2004 թվականից այս շառավղով գործում է մաքսային պահեստ, որի տերը քաղաքապետի կինն է: Ավելին, տեխնիկապես անհնար է այնտեղ այլ պահեստ կառուցել` տարածքի անբավարարության պատճառով, ուստի միայն Զաքարյանի ընտանեկան բիզնեսն է օգտվում այդ արտոնությունից»:

Ըստ նրա՝ դրանից հետո Զաքարյանը դիզվառելիքի ներկրման ընկերություն է բացել, եւ նա գրեթե բացառապես իր մեքենաներն է բերում է մաքսային պահեստ, ինչի արդյունքում Իրանից նավթամթերք այլ ներկրողների հետ համեմատած՝ Զաքարյանը ստանում է չհիմնավորված արտոնություն` մեկ լիտր դիզվառելիքի համար 15-20 դրամի չափով:

Գաբրիելյանը միևնույն ժամանակ նշեց, որ  այս օրինագիծը Մեղրիում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի դեմ տեղի ունեցած միջադեպի հետ կապելու փորձերը բոլորովին անտեղի են:

Նշենք, որ օրենքի առաջին ընթերցմամբ քվեարկության ժամանակ իշխող «Իմ քայլը» դաշինքի պատգամավորները 79 ձայնով միաձայն պաշտպանեցին այս օրենսդրական նախաձեռնությունը:

Նախագծով առաջարկվում է վերացնել ժամանակին օրենքով մեկ անձին տրված արտոնությունը՝ խոսքը վերաբերում է նրան, որ Մեղրի քաղաքի մաքսակետից մինչև 1 կմ հեռավորության վրա գտնվող արտոնյալ գոտում առկա է ընդամենը մեկ մաքսային վերահսկողության տարածք: Այն մեքենաները, որոնք Իրանի Իսլամական Հանրապետությունից մուտք են գործում տվյալ գոտի, ազատվում են ճանապարհային հարկից:

 

  • Կիսվել: