չորեքշաբթի, հուլիս 29
29 / 7 / 2026
Դատավոր Արտուշ Գաբրիելյանի տնային կալանքի ժամկետը երկարացվել է

Դատավոր Արտուշ Գաբրիելյանի տնային կալանքի ժամկետը երկարացվել է

Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Արտուշ Գաբրիելյանի (լիազորութունները կասեցված են) տնային կալանքի ժամկետը երկարացվել է։ Այս մասին ԶԼՄ-ներին հայտնեցին ՀՀ հակակոռուպցիոն դատարանից։

Հակակոռուպցիոն դատարանը՝ դատավոր Խաչիկ Ղազարյանի նախագահությամբ, բավարարել է հանրային մեղադրողի միջնորդությունները՝ երկարացնելով Արտուշ Գաբրիելյանի և Գալուստ Խուրշուդյանի տնային կալանքի ժամկետները ևս երեք ամսով։

Դատարանը գտել է, որ դատալսումների փուլում մեղադրյալ Արտուշ Գաբրիելյանի կողմից ապացուցման գործընթացին ապօրինի միջամտելով քրեական վարույթին խոչընդոտելու և օրենսգրքով իր վրա դրված պարտականությունները չկատարելու հավանականությունը չի նվազել առնվազն այն աստիճանի, որպեսզի նրա նկատմամբ թույլատրելի ճանաչվի նվազ խիստ այլընտրանքային խափանման միջոցների կիրառումը:

Որոշումը կայացվել է մեկ ամիս առաջ, այս պահին «Դատալեքս» համակարգում դեռևս առկա չէ տեղեկություն դատական ակտի բողոքարկման վերաբերյալ։

Հիշեցնենք, որ քրեական գործը, որով քրեական հետապնդում է իրականացվում դատավոր Արտուշ Գաբրիելյանի նկատմամբ՝ վերաբերում է կաշառք ստանալուն։ Քրեական գործի համաձայն՝ դատավորը 10,000 ԱՄՆ դոլարի չափով կաշառք է պահանջել և ստացել՝ հօգուտ մեղադրյալի դատավարությունը ձգձգելու և հետագայում վաղեմության ժամկետներն անցած լինելու հիմքով կարճելու համար։

Դատարան ուղարկված գործով Արտուշ Գաբրիելյանից բացի մեղադրյալի կարգավիճակում են ևս երկու անձ՝ Գալուստ Խուրշուդյանը, որը մեղադրվում է օժանդակության մեջ, և Զոհրաբ Սիխարուլիձեն (Յեզգատյան), որը մեղադրվում է կաշառք տալու մեջ։

  • Կիսվել: