կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Մասնագիտական ասոցիացիաներին որոշակի գործառույթներ կպատվիրակվեն. նախագիծ

Մասնագիտական ասոցիացիաներին որոշակի գործառույթներ կպատվիրակվեն. նախագիծ

Օրենսդրական նախաձեռնությամբ որոշակի գործառույթներ կպատվիրակվեն մասնագիտական ասոցիացիաներին: Օրինագծի ընդունման անհրաժեշտությունը բխում է մասնագիտական ասոցիացիաների մասնակցությունն ու գործունեությունն առողջապահության բնագավառում ապահովելու, գործառույթները կանոնակարգելու, դերակատարումն ամրապնդելու, ինչպես նաև ավագ և միջին բուժաշխատողների մասնակցությունն առողջապահության բնագավառում որոշումների կայացմանը խթանելու անհրաժեշտությունից: Այս մասին ասել է ՀՀ ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նարեկ Զեյնալյանը: Պատգամավորներ Նարեկ Զեյնալյանի և Լուսինե Բադալյանի հեղինակած ««Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ քննարկվել է հուլիսի 11-ին գումարված ԱԺ արտահերթ նստաշրջանում: Այդ մասին հայտնում են ԱԺ-ից:

Ըստ հիմնական զեկուցողի՝ ասոցիացիաներն առողջապահության բնագավառի կարևորագույն բաղկացուցիչ մասերից են, որոնք միավորում են տվյալ երկրի, տարածաշրջանի բուժաշխատողներին: Միջազգային փորձի ուսումնասիրությունը վկայում է, որ ասոցիացիաները Եվրոպական տարածաշրջանում և Հյուսիսային Ամերիկայի բազմաթիվ երկրներում օրենքի ուժով օժտված են մի շարք կարևոր լիազորություններով, որոնք փոխադարձաբար լրացնում են լիազոր մարմինների կողմից տարվող աշխատանքները՝ նպաստելով առողջապահության համակարգի գործունեության արդյունավետության բարձրացմանը: Նախագիծը մշակվել է՝ հաշվի առնելով միջազգայնորեն ընդունված և մեր երկրում արդեն գործարկված հասարակական կազմակերպությունների հետ սոցիալական համագործակցության լավագույն մոդելը: Նախագծով առաջարկվում է  Հայաստանի առողջապահության բնագավառում ասոցիացիաների հետ լիազոր մարմնի համագործակցության նմանատիպ մոդել: Ասոցիացիաների հետ կկնքվի համագործակցության համաձայնագիր, որում կներառվեն համագործակցության նպատակներն ու սկզբունքները, կողմերի պարտավորությունները, ինչպես նաև պարտավորությունների կատարման հսկողության և դրանց չկատարման դեպքում համապատասխան միջոցառումների իրականացման մեխանիզմները:

Ասոցիացիաները սկսելու են համագործակցել առողջապահության նախարարության հետ, ինչը կնպաստի առողջապահության զարգացմանը մեր երկրում:

Նարեկ Զեյնալյանի ներկայացմամբ նախագիծը քննարկվել է Հայաստանում գործող 22 ասոցիացիաների ներկայացուցիչների հետ:

Հարակից զեկուցող, ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը նշել է, որ մասնագիտական ասոցիացիաներն առանցքային տեղ են զբաղեցնում բժշկագիտության և առողջապահական համակարգերի զարգացման մեջ: Նրա խոսքով ժողովրդավարական երկրների կարևոր առանձնահատկություններից է հնարավորինս օգտագործել հանրության մտավոր ներուժն ու հնարավորությունները և որոշակի գործառույթներ էլ պատվիրակել հասարակական կազմակերպություններին ու մասնագիտական ասոցիացիաներին:

Նախաձեռնությունն ընդունվել է առաջին ընթերցմամբ:

 

  • Կիսվել: