Մարդը կասի՝ ես այս գործը ձեռնարկում եմ, եթե նա համոզմունք ունենա, որ եթե խնդիրներ ծագեն, կա տեղ, որտեղ կգնա և այդ խնդիրը կլուծի. Փաշինյան
Կառավարությունն ինչ ծրագիր էլ իրագործի, տնտեսական ինչ բանաձև էլ ներդնի, որևէ բանաձևի իրագործում հնարավոր չէ, եթե չկա անկախ դատական համակարգ, եթե չկա դատական այնպիսի համակարգ, որը վստահություն է ներշնչում յուրաքանչյուր քաղաքացու, յուրաքանչյուր տնտեսվարող սուբյեկտի, որ ինքը պոտենցիալ ռիսկերը կարող է կառավարել, որոնք կարող են ի հայտ գալ գործընկերության հարաբերությունների շրջանում, որովհետև մենք ներդրումների մասին ենք խոսում, մարդը ե՞րբ է ներդրում անում որևէ տեղ, երբ ինքը հաշվարկում է իր ռիսկերը և համարում է, որ այդ ռիսկերը կառավարելի են: Այս մասին այսօր Հայաստանի դատական իշխանության օրվան նվիրված միջոցառման ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
՛՛Որոշակի հակասություններ և հակադրություններ, տարընթերցումներ և տարակածություններ ունենալը հնարավոր գործընկերների հետ այն ամենաանկախատեսելի և մեծ ռիսկերից է, որը կարող է գոյություն ունենալ տնտեսական գործունեության բնագավառում: Ո՞ր դեպքում մարդը կասի՝ ես վերցնում եմ այդ ռիսկը և այս ներդրումն անում եմ, այս գործը ձեռնարկում եմ, եթե նա համոզմունք ունենա, որ եթե խնդիրները ծագեն՝ կա տեղ, որ ինքը կգնա և այդ խնդիրը կլուծի, եթե ինքը գործել է կանոններով և եթե իր դեմ գործել են կանոններով՛՛,-ասաց վարչապետը՝ հավելելով, որ եթե չկա այս համոզմունքը՝ ներդրումներ և տնտեսական զարգացում տեղի չի ունենա և հակառակը՝ Հայաստանից ռեսուրսները կհոսեն այլ տեղեր:
Նիկոլ Փաշինյանն ընդգծեց՝ չի ասում, որ սա Հայաստանի զարգացման միակ գործոնն է, բայց սա Հայաստանի զարգացման անկյունաքարային գործոններից մեկն է և այն ըմբռնումը, որ Հայաստանում զարգացման առանցքային նախապայմաններից մեկն անկախ դատական համակարգն է` Կառավարության շրջանում, ըստ էության, գենետիկ մակարդակի ճշմարտություն է, անառարկելի ճշմարտություն է: