երեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2024
Մանե Թանդիլյանին խորհրդարանում կփոխարինի Ստեփան Ստեփանյանը

Մանե Թանդիլյանին խորհրդարանում կփոխարինի Ստեփան Ստեփանյանը

Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանին կփոխարինի կուսակցության անդամ Ստեփան Ստեփանյանը։ Այդ մասին InfoPort.am-ը տեղեկանում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայքից։

Վերջինը Երևանի բնակիչ է և ըստ ԿԸՀ-ում ներկայացված տեղեկատվության, չի աշխատում։

Մանե Թանդիլյանը հիշեցնենք, վարկանիշային ցուցակով պատգամավոր էր ընտրվել Երևանի Կենտրոն, Էրեբունի, Նուբարաշեն, Նորք-Մարաշ համայնքներն ընդգրկող 4-րդ ընտրատարածքից․ նրա օգտին քվեարկել էր 3636 ընտրող։ Նույն ընտրատարածքում նրանից հետո ամենից շատ ձայն հավաքած թեկնածուն Ստեփան Ստեփանյանն է՝ 828 քվեով։

Ավելի վաղ տեղեկացրել էինք՝ Մանե Թանդիլյանը հայտարարել է, որ առողջական խնդիրների պատճառով վայր է դնում պատգամավորական մանդատը։

«Թույլ տվեք տեղեկացնել, որ ստիպված եմ վայր դնել պատգամավորական լիազորություններս, ինչպես նաև դադարեցնել գործունեությունս՝ որպես Լուսավոր Հայաստան կուսակցության կառավարման խորհրդի անդամ։ Շնորհակալություն եմ հայտնում իմ քաղաքական թիմին՝ «Լուսավոր Հայաստան»-ին, միասին անցած ճանապարհի համար, մաղթում նորանոր հաջողություններ՝ ի նպաստ Հայաստանի Հանրապետության։ Ուզում եմ նաև շնորհակալություն հայտնել և ներողություն խնդրել բոլոր այն մարդկանցից, որոնց վստահության շնորհիվ հնարավորություն եմ ունեցել ծավալել քաղաքական գործունեություն և, հնարավոր է, որևէ հիասթափության առիթ եմ տվել ։ Փորձել եմ հնարավորինս արդարացնել ձեր վստահությունը, հուսով եմ՝ որոշ չափով հաջողել եմ», -հայտարարել էր նա։

  • Կիսվել: