չորեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2025
Մակունցը մասնակցել է Շառլ Ազնավուրի 100-ամյակին և Ֆրեզնոյում ՀՀ պատվավոր հյուպատոսի գրասենյակի հիմնադրման 10-ամյակին

Մակունցը մասնակցել է Շառլ Ազնավուրի 100-ամյակին և Ֆրեզնոյում ՀՀ պատվավոր հյուպատոսի գրասենյակի հիմնադրման 10-ամյակին

Նոյեմբերի 16-ին և 17-ին ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցը այցելել է Փենսիլվանիա նահանգի Ֆիլադելֆիա և Կալիֆոռնիա նահանգի Ֆրեզնո քաղաքներ՝ մասնակցելու Շառլ Ազնավուրի 100-ամյակին և Ֆրեզնոյում Հայաստանի Հանրապետության պատվավոր հյուպատոսի գրասենյակի հիմնադրման 10-ամյակին նվիրված միջոցառումներին։ Այս մասին հայտնում են ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունից։ 

Նոյեմբերի 16-ին Ֆիլադելֆիայում Հայաստանի Հանրապետության պատվավոր հյուպատոսի գրասենյակի և Ֆիլադելֆիայի հայկական ժառանգության հիմնադրամի կազմակերպմամբ տեղի է ունեցել Շառլ Ազնավուրի 100-ամյակին նվիրված երեկո, որին մասնակցել են Փենսիլվանիայի նահանգային օրենսդիր մարմնի, քաղաքային իշխանությունների, դիվանագիտական կորպուսի, հայ համայնքի ներկայացուցիչներ։

Բացման խոսքով հանդես են եկել Ֆիլադելֆիայում ՀՀ պատվավոր հյուպատոս Հարի Չերքենը, ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցը, Ֆիլադելֆիայում Ֆրանսիայի պատվավոր հյուպատոս Մարին Ֆրավել-Վեննելը և ԱՄՆ-ում Ֆրանսիայի փոխդեսպան Ագնես Ֆոնդեր Մյուհլը։ 

Իր բացման խոսքում դեսպան Մակունցն անդրադարձել է Շառլ Ազնավուրի կյանքին ու գործունեությանը, ներկայացնելով ոչ միայն նրա ստեղծագործական ուղին, այլև նրա կողմից իրականացված մարդասիրական ու բարեգործական ծրագրերը։ Դեսպան Մակունցը երախտագիտություն է հայտնել Ֆիլադելֆիայի հայկական ժառանգության հիմնադրամի անդամներին՝ Հայկական ժառանգության պուրակի կառուցման նախաձեռնության համար։ 

Պաշտոնական արարողությունից հետո ներկաները հնարավորություն են ունեցել ունկնդրելու Շառլ Ազնավուրի ստեղծագորությունները ֆրանսահայ երաժիշտ Հակոբ Ղասաբյանի կատարմամբ։

  • Կիսվել: