հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
ՄԱԿ-ի Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության նիստը կանցկացվի Հայաստանում

ՄԱԿ-ի Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության նիստը կանցկացվի Հայաստանում

ՄԱԿ-ի Զբոսաշրջային համաշխարհային կազմակերպության (ԶՀԿ)  67-րդ նիստը կանցկացվի Հայաստանում. այն տեղի կունենա 2022թ. հունիսի 1-3-ը:

«Արմենպրես»-ի հետ զրույցում ՀՀ էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության կոմիտեի նախագահ  Սիսիան Պօղոսեանը նշեց, որ  նիստի այս տարվա թեման լինելու է գյուղական տուրիզմը, որը ընտրել են ՄԱԿ-ի հետ համատեղ:

«Բացի ՄԱԿ ԶՀԿ-ի ներքին հարցերը քննարկելուց, քննարկվելու են  նաև կայուն զբոսաշրջության զարգացման  դերի մեծացմանն ուղղված քայլերը:  ՄԱԿ-ի կողմից նիստն ամեն տարի անցկացվում է տարբեր երկրներում: Այն փաստը, որ այս տարի առաջին անգամ այն անցկացվում է Երևանում, մեծ առաջընթաց է և շատ կարևոր հնարավորություն՝ Հայաստանը ներկայացնելու ամբողջ աշխարհին»,- ասաց կոմիտեի նախագահը:

Սիսիան Պօղոսեանը նշեց, որ  նիստին մասնակցելու են  ՄԱԿ ԶՀԿ գլխավոր քարտուղարը, կազմակերպության տարածաշրջանային ղեկավարը, ինչպես նաև ՄԱԿ-ի ԶՀԿ Եվրոպայի տարածաշրջանի շուրջ 40 անդամ պետությունների ոլորտի լիազոր մարմինների ղեկավարներ և ներկայացուցիչներ, զբոսաշրջության ոլորտի պաշտոնյաներ, նախարարներ,  ԶԼՄ ներկայացուցիչներ։ Հայաստանյան  գյուղական տուրիզմի ներկայացուցիչներն էլ մեծ հնարավորություն կունենան շփվելու ներկայացուցիչների հետ: Նրանք փորձով փոխանակվելու,  նոր համագործակցություններ ձեռք բերելու հնարավորություններ կունենան:

Նիստի շրջանակներում նախատեսվում են ՄԱԿ-ի ԶՀԿ գլխավոր քարտուղարի հանդիպումները ՀՀ նախագահի, ՀՀ վարչապետի և ՀՀ ԱԳ նախարարի հետ։

ՄԱԿ-ի ԶՀԿ Եվրոպայի տարածաշրջանի ղեկավար Ալեսանդրա Պրիանտեն նշեց, որ այս համաժողովի հիմնական թիրախում է կայուն զբոսաշրջությունը, այդ պատճառով է գյուղական տուրիզմը կարևորվում, և Հայաստանը հենց այն երկիրն է, որը ունի բոլոր նախադրյալները գյուղական տուրիզմը զարգացնելու համար: «Հայաստանը, ես կասեի, «թաքնված գանձ» է, և ունի այն ամենը, ինչ հետաքրքրում է եվրոպացիներին:  Միակ խնդիրը, որ ունի Հայաստանը, ավելի ճանաչելի դառնալն է:  Օրինակ, Իտալիան այդ խնդիրը չունի, քանի որ զբոսաշրջային խոշոր երկրներից մեկն է, իսկ Հայաստանն այդ խնդիրն ունի: Հայաստանը տարածաշրջանում հետաքրքիր դիրք է զբաղեցնում և իր գեղեցկությամբ պարտավոր է ավելի լավ ներկայանալ»,-ասաց նա:

ՄԱԿ-ի ԶՀԿ Եվրոպայի տարածաշրջանի ղեկավարը շեշտեց, որ այս համաժողովը Հայաստանի համար ավելի ճանաչելի դառնալու և նոր ծրագրեր իրականացնելու շատ լավ հնարավորություն է:

Ալեսանդրա Պրիանտեն ասաց, որ կորոնավիրուսի համավարակի հետևանքով շատ լուրջ նվազել են  զբոսաշրջության թվերը, որի արդյունքում  հետաքրքիր տենդենց է ձևավորվել և մարդիկ համավարակի շրջանում սկսել են ավելի շատ ճանաչել իրենց երկրները: «Երկրորդ մեծ խնդիրը, որ առաջացավ համավարակի շրջանում, անվտանգության խնդիրն էր, մարդիկ վախ էին զգում, քանի որ առաջ տուրիզմը այն էր, որ մարդիկ պետք է իրար հետ շփվեին, հիմա բոլորին ասում են կրեք  դիմակներ և պահպանեք հեռավորություն: Այժմ մենք այս ուղղությամբ շատ մեծ գործ ունենք անելու, որպեսզի նորից մարդկանց մեջ վստահություն ներշնչենք»,- եզրափակեց նա:

  • Կիսվել: