հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Լրատվամիջոցը չի ազատվի պատասխանատվությունից՝ չնույնականացված աղբյուրին հղում տալու, նրա տեղեկատվությունը տարածելու դեպքում

Լրատվամիջոցը չի ազատվի պատասխանատվությունից՝ չնույնականացված աղբյուրին հղում տալու, նրա տեղեկատվությունը տարածելու դեպքում

ՀՀ Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ քննարկեց ՔՊ պատգամավորների օրենսդրական նախաձեռնությունը, ըստ որի՝ ԶԼՄ-ների մասին օրենքում փոփոխությունները նախատեսում են պատասխանատվություն՝ նույնականացման տվյալներ չունեցող աղբյուրներին հղում տալու դեպքում։ 

«Այն պարագայում, երբ տեղեկատվությունը, որը փոխանցել են լրատվամիջոցները, ապօրինի խոսք կպարունակի, այդ պատասխանատվությունը կկրի լրատվամիջոցը։ Լրատվամիջոցը չի ազատվի պատասխանատվությունից՝ չնույնականացված աղբյուրին հղում տալու, նրա տեղեկատվությունը տարածելու դեպքում», -ներկայացրեց համահեղինակ Թագուհի Ղազարյանը:

Օրենքում առաջարկվում է ավելացնել նոր հասկացություն՝ չնույնականացված աղբյուրներ, ինչը նշանակում է, որ հնարավոր չէ պարզել այդ աղբյուրը տնօրինողին, նաև ստեղծողին:

Պատգամավորն ընդգծեց՝ գործող կարգավորմամբ, երբ լրատվամիջոցն անանուն աղբյուրին է հղում տալիս, օրինակ, նշում՝ օդում տարածված լուրերի համաձայն և այլն, և այդ խոսքը պարունակում է զրպարտություն կամ վիրավորանք, և ԶԼՄ-ն չի ցանկանում բացահայտել իր աղբյուրը, ապա կրում է պատասխանատվություն:

Արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանն էլ իր ելույթում նշեց․

«Քանի որ խոսքի ազատությանը վերաբերող ցանկացած օրենսդրության ժամանակ սկսում են շահարկումները, որ իբր փորձ է արվում լռեցնել մարդկանց ազատ արտահայտվելու հնարավորությունը, փորձ է արավում խոչնդոտել լրագրողական գործունեությունը:Ես օգտվելով առիթից, նաև մասնագիտական մեր հատուկ դիրքորոշումն եմ ուզում այստեղ հայտնել, որ հանրությանը օբյեկտիվ ճշմարիտ տեղեկություն հասցնելը, դա լրատվամիջոցների, լրագրողների սուրբ պարտականությունն է: Որքան օրենսդրությունը օգնում է իրենց, որպեսզի իրենք այդպիսի տեղեկություններ տարածեն, այնքան բարձրանում է լրատվամիջոցների հեղինակությունը և ես վստահ եմ, որ այն լրագրողները, որոնք կծանոթանան այս ծրագրին չեն ունենա որևէ մտահոգություն, որովհետև մտահոգվել կարող են միայն այնպիսի լրագրողները, կամ այնպիսի լրատվամիջոցները, որոնք փորձում են ապատեղեկատվություն տարածել ու հետո ազատվել պաասխանատվությունից»,- ասաց նախարարը:

Նա հիշեցրեց՝ «ֆեյք նյուզ» տարածելն ամբողջ աշխարհում անընդունելի է, և ՀՀ օրենսդրությունը չպետք է թույլ տա տարածել ապատեղեկատվություն, կեղծիք, զրպարտություն և ասել՝ քանի որ դա անանուն աղբյուր է, ապա ինքն ազատվում է պատասխանատվությունից:

 

 

  • Կիսվել: