կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Լրացում «Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին» ՀՀ օրենքում

Լրացում «Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին» ՀՀ օրենքում

Ազգային ժողովը հուլիսի 13-ին Կառավարության նախաձեռնությամբ գումարել է արտահերթ նստաշրջան` նախաձեռնողի սահմանած օրակարգով: ԱԺ որոշմամբ մի շարք օրենքների նախագծերի երկրորդ ընթերցմամբ քննարկումը տեղի կունենա դրանք առաջին ընթերցմամբ ընդունելուց հետո` քսանչորս ժամվա ընթացքում:

Առաջին ընթերցմամբ քննարկվել է ««Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը, որով առաջարկվում է օրենքի 7-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր մասով, ըստ որի` վարչապետն իրավասու է ձեւավորելու միջազգային դատարաններում դատավորի պաշտոնում Հայաստանի Հանրապետության կողմից առաջադրվող թեկնածուների ընտրության հանձնաժողով եւ հաստատելու դրա աշխատակարգը, ինչպես նաեւ հաստատելու միջազգային դատարաններում դատավորի պաշտոնում Հայաստանի Հանրապետության կողմից առաջադրվող թեկնածուների ընտրությանը մասնակցելու համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը, հաստատելու կամ մերժելու ընտրության արդյունքում հանձնաժողովի կազմած թեկնածուների ցուցակը:

Միջազգային իրավական հարցերով ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանի տեղեկացմամբ առաջարկվող կարգավորման ընդունման պարագայում հնարավոր կլինի վարչապետի որոշմամբ կարգավորել Եվրոպական դատարանում Հայաստանի Հանրապետությունից ընտրվող դատավորի ընտրության ընթացակարգը եւ թեկնածուներին ներկայացվող պահանջները:

Զեկուցողի խոսքով Եվրոպական դատարանում դատավորի պաշտոնավարման ժամկետն ինը տարի է` համաձայն Կոնվենցիայի, եւ հաջորդ տարվա սեպտեմբերին լրանում է դատավորի պաշտոնավարման ժամկետը, հետեւաբար, մինչեւ ընթացիկ տարվա դեկտեմբեր ամսի ավարտը, ՀՀ-ն պետք է Եվրոպայի խորհրդին ներկայացնի երեք հոգուց բաղկացած թեկնածուների ցուցակ, որը հետո արդեն, ըստ ներքին կանոնակարգերի եւ Կոնվենցիայի, պետք է անցնի ընտրության հերթական փուլերը:

Նախաձեռնությունն ընդունվել է առաջին ընթերցմամբ:

  • Կիսվել: