Լինի դա Վարդան Օսկանյանը, թե Մովսես Հակոբյանը․․․ գալու են 44-օրյա պատերազմի քննիչ հանձնաժողով, չեն կարող չգալ․ Անդրանիկ Քոչարյան
«Ես գիտեմ, որ դուք առանձին զրույցներում դրական եք տրամադրված եղել, երբ մենք որոշել ենք կանոնակարգ օրենքում փոփոխություն անել և խստացնել քննիչ հանձնաժողով չգալու հարցը»,- ԱԺ նիստում 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի գործունեությունը ևս 6 ամսով երկարաձգելու հարցի քննարկմանը այս մասին ասաց հանձնաժողովի նախագահ, ՔՊ պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը՝ դիմելով ընդդիմադիր պատգամավորներին։
Այնուհետև Քոչարյանը խոսեց քննիչ հանձնաժողով հրավիրյալների մասին․ «Շատ քիչ մարդիկ են, որոնք, չգիտես ինչու, մերժել են գալը, բայց ես համոզված եմ գալու են՝ լինի դա Վարդան Օսկանյանը, թե Տիրան Խաչատրյանը, թե Մովսես Հակոբյանը, չեն կարող չգալ։ Եթե չգան, դա նշանակում է, որ իրենք խուսափում են մի հնարավորությունից, որից չօգտվել անհնար է պատկերացնել»։
«Նախորդ քառօրյայի ժամանակ ում հրավիրել ենք՝ եկել է, որովեհտև դրա բարոյական ճնշումը շատ մեծ էր բոլորի վրա։ Այստեղ տարբերակված խնդիր պետք է չլինի՝ բոլոր նախագահները, ում որ կանչել ենք՝ եկել են, վարչապետները, բոլորը»,- ընդգծեց հանձնաժողովի նախագահը․ «Միայն Յուրի Խաչատուրովը չի եկել, անձամբ ես ըմբռնումով եմ մոտեցել, բայց անթույլատրելի էր, որ մեր առաջին պատերազմի բովով անցած զինվորականը ինչ-ինչ պատճառներով խուսափի գալ քննիչ հանձնաժողով և պարզ ճակատով պատասխանի բոլոր այն հարցերին, որը պատերի տակ չէ, որ պետք է պատասխանվեր։ Օրինակ՝ Օնիկ Գասպարյանի գալը շատ շրջադարձային էր, դրանից հետո որևէ զինվորականի մերժումը գոնե մեր հանձնաժողովի անդամների կողմից ընդունելի չէ»։
Քոչարյանի խոսքով՝ քննիչ հանձնաժողովի կանոնակարգ օրենքի փոփոխությունների նախագիծը պատրաստ է․ «Որևէ մեկը, որը պաշտոնավարումից դուրս է եկել, մտքով չանցնի, որ ինքը միայն պաշտոն ունենալու դեպքում ունի պարտականություն, նաև ինքը պետք է պատրաստ լինի պաշտոն չունենալու դեպքում ներկայանալ համար մեկ քաղաքական հարթակ և պատասխանել հարցերին»։



