շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
ԼՀԿ–ն ահազանգեր է ստացել, որ մի քանի մարզում մարզպետները գյուղապետերին պարտադրում են ամեն ինչ անել, որպեսզի «Այո»-ն հաղթի. ՔՊ–ից փաստեր են պահանջում

ԼՀԿ–ն ահազանգեր է ստացել, որ մի քանի մարզում մարզպետները գյուղապետերին պարտադրում են ամեն ինչ անել, որպեսզի «Այո»-ն հաղթի. ՔՊ–ից փաստեր են պահանջում

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության տարբեր պատգամավորներ ահազանգեր են ստացել, որ մի քանի մարզում մարզպետները հանդիպումներ են իրականացնում համայնքապետների հետ, որպեսզի սահմանադրական փոփոխությունների հանրաքվեին «Այո»-ն հաղթի: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Եղիազարյանը:

«Մեզ դիմողները չեն ցանկանում բացահայտել իրենց աղբյուրը, քանի որ մտավախություններ ունեն, որ բացահայտելու դեպքում իրենց վրա կարող են ճնշումներ լինել: Նրանք նշում են, որ «Այո»-ի շտաբը բոլոր ուղղություններով աշխատում է, որ «Այո»-ն հաղթի»,-ասաց Եղիազարյանը:

«Լուսավոր Հայաստան»-ից Գևորգ Գորգիսյանը ևս նման ահազանգեր է ստացել։ «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում նա ասել է, որ ըստ այդ ահազանգերի՝ իշխանությունը վարչական ռեսուրս է օգտագործում, մասնավորապես՝ մարզպետները պարտադրում են գյուղապետերին ամեն ինչ անել, որպեսզի «Այո»-ն հաղթի:

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հասարակայնության հետ կապերի համակարգող Վահագն Ալեքսանյանը Tert.am-ի հետ զրույցում հերքեց «Լուսավոր Հայաստան»-ի ստացած լուրերը՝ նշելով, թե «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից և «Այո» նախընտրական շտաբից շատ ոչ ոք շահագրգռված չէ անցկացնել թափանցիկ, ազատ և արդար ընտրություններ:

««Լուսավոր Հայաստան»-ի մեր գործընկերներին մենք կխնդրենք կա՛մ ներկայացնել կոնկրետ փաստեր, կա՛մ ստիպված կլինենք նրանց հայտարարությունները որակել որպես հերյուրանք»,-նշեց նա:

Անդրադառնալով դիտարկմանը, թե ընդդիմադիրների պնդմամբ՝ «Այո»-ի շտաբի ղեկավարումը Սուրեն Պապիկյանին վստահելը պատահական չէ, քանի որ վերջինս Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարն է, Ալեքսանյանն ասաց.

«Սուրեն Պապիկյանը, բացի նրանից, որ նախարար է, նաև «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նախագահն է, ՔՊ-ի՝ վարչության ընտրություններում երկրորդ ամենաշատ ձայն հավաքած թեկնածուն է: Նրա նկատմամբ վստահությունը ոչ մի կերպ պայմանավորված չէ այն փաստով, որ նա ի պաշտոնե ավելի շատ է շփվում համայնքապետների, քաղաքապետների և մարզպետների հետ»:

Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն կկայանա ապրիլի 5ին: Քարոզարշավը մեկնարկել է փետրվարի 17-ից և կավարտվի ապրիլի 3-ին:

  • Կիսվել: