չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Սլովակիան սատարում է ԵԱՀԿ ՄԽ համանախագահության հովանու ներքո ԼՂ համակարտության լուծման գործընթացին․ Լայչակ

Սլովակիան սատարում է ԵԱՀԿ ՄԽ համանախագահության հովանու ներքո ԼՂ համակարտության լուծման գործընթացին․ Լայչակ

ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը Սլովակիայի արտաքին և եվրոպական գործերի նախարար Միրոսլավ Լայչակի հետ հանդիպումից հետո լրագրողներին ներկայացրեց քննարկված թեմաները:

Նախարարը նկատեց՝ Հայաստանում Սլովակիայի դեսպանության հիմնումը նոր մակարդակի կբարձրացնի ու կհարստացնի փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ համագործակցության օրակարգը: Նա նշեց՝ հանդիպման ընթացքում երկուստեք կարևորվել են քաղաքական, առևտրատնտեսական, մշակութային, բոլոր այլ բնագավառներում համագործակցության ընդլայնումն ու խորացումը երկկողմ ու բազմակողմ ձևաչափերով:

Նախարարը նշեց նաև, որ անդրադարձ է կատարվել ԼՂ կարգավորման գործընթացին:

Լայչակն իր հերթին նշեց, որ մեծ ակնկալիքներ ունեն տեղում իրենց դիվանագիտական ներկայությունից՝ երկկողմ համագործակցությունն առաջ տանելու համար: Նա հույս հայտնեց, որ դեսպանությունը վեր կհանի ավելի մեծ հնարավորություններ տնտեսական համագործակցության համար, իրենց բիզնես հանրությանն այստեղ բերելու համար: Լայչակը հայտնեց, որ Մնացականյանն իրեն Ադրբեջանի գործընկերոջ հետ հանդիպման մասին է պատմել, նաև քննարկել են Արևելյան գործընկերության ծրագիրը:

«Ամեն անգամ, երբ հանդիպում եմ նախարար Մնացականյանի հետ, Լեռնային Ղարաբաղը մեր քննարկումների մաս է կազմում,  անշուշտ: Սլովակիայի՝ ԵԱՀԿ նախագահության շրջանում մեծ ուշադրություն դարձրինք այդ խնդրին, նշեցինք այն փաստը, որ Ժնևում ԱԳ նախարարները հանդիպեցին, երկու առաջնորդները Մյունխենում հանդիպեցին, սրանք մեր տեսանկյունից դրական զարգացում են, կարևոր է, որ հանդիպեն և քննարկեն՝ ինչպես առաջ տանել հարցի լուծումը, Սլովակիան լիաթոք սատարում է հանգուցալուծման այս պրոցեսին, որ առաջնորդում են համանախագահները, մենք վստահում ենք նրանց աշխատանքին»,- ասաց Լայչակը:

  • Կիսվել: