շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
ԼՂ հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի երեք հիմնարար սկզբունքները մնում են արդիական ու կիրառելի. Թրեյսի

ԼՂ հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի երեք հիմնարար սկզբունքները մնում են արդիական ու կիրառելի. Թրեյսի

Ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի երեք հիմնարար սկզբունքները մնում են արդիական ու կիրառելի: Այս մասին այսօր Հանրային ՀԸ-ի եթերում ասացՀՀ-ում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին:

Նա, մասնավորապես, նշեց. ՛՛Կարծում եմ՝ հիմնական սկզբունքներից մի քանիսը, որոնք նախկինում կային, մնում են շատ արդիական և կիրառելի։ Տարածքային ամբողջականությունը հիմնական սկզբունքներից մեկն էր, ինչպես նաև ժողովուրդների ինքնորոշման սկզբունքը, ուժի և ուժի սպառնալիքի չկիրառման սկզբունքը՛՛:

Ըստ դեսպանի՝ դժվարությունները, տարակարծություններն ու լարվածությունը հաղթահարելու համար այս սկզբունքներն այսօր էլ կարող են ուղղորդող լինել բանակցությունների համար։

՛՛Երբ մենք շարունակում ենք վերագնահատել տեղում իրավիճակի առանձնահատկությունները, այս սկզբունքներն են շատ առումներով մնում ուղղորդող, կողմնորոշիչ սկզբունքներ բանակցությունների համար, որովհետև որպես համանախագահող՝ մենք ձգտում ենք տևական, մնայուն խաղաղության, իսկ դրա համար իրականում անհրաժեշտ է համապարփակ բանակցություններ վարել, անհրաժեշտ է, որպեսզի կողմերը պատրաստ լինեն խոսել միմյանց հետ՝ անկեղծ, շիտակ և պատրաստ լինեն փոխզիջումներ անել՛՛,-ասաց Թրեյսին:։

ԱՄՆ-ն, նրա խոսքով, հավատացած է, որ ԼՂ հակամարտությունը դեռ պետք է կարգավորվի, իսկ Արցախի կարգավիճակի հարցում հստակություն լինի։

Նա նշեց. ՛՛2020 թվականի նոյեմբերին կնքվեց հրադադար, ուստի, ինչպես արդեն ասել եմ, ԱՄՆ-ի հայտարարված քաղաքականությունը սա է այս հարցի վերաբերյալ։ Եվ շատ կարևոր է, որ մենք կարողանանք հասկանալ յուրաքանչյուր կողմի շահը, հետաքրքրությունը։ Շահերից մեկը տարածքային ամբողջականությունն է, բայց Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքորոշումը նույնպես հիմնական սկզբունքներից մեկն է եղել և մնում, որը չի կարող արհամարհվել՛՛:

 

  • Կիսվել: