հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Լեռնային Ղարաբաղը ՌԴ կազմում ընդգրկելու մասին խոսակցությունները երևակայության արդյունք են. Զատուլին

Լեռնային Ղարաբաղը ՌԴ կազմում ընդգրկելու մասին խոսակցությունները երևակայության արդյունք են. Զատուլին

ՌԴ Պետդումայի պատգամավոր Կոնստանտին Զատուլինը Լեռնային Ղարաբաղը Ռուսաստանի կազմում ընդգրկելու մասին խոսակցությունները երևակայության արդյունք է համարում։

Sputnik Արմենիայի մուլտիմեդիոն հարթակում կայացած առցանց ճեպազրույցի ժամանակ քաղաքական գործիչը հայտարարեց, որ վերջերս բազմիցս հանդիպել է մարդկանց, որոնք ամենայն լրջությամբ խոսում են այն մասին, որ կցանկանային` Ղարաբաղը լիներ ՌԴ-ի կազմում։
 
«Իհարկե, դրանք ֆանտազիաներ են, դա նախագիծ է, որը չի իրագործվի թե՛ սկզբունքային, թե՛ հստակ քաղաքական նկատառումներով։ Բայց փաստը մնում է փաստ․ Լեռնային Ղարաբաղում հիմա խորհրդարանը քննարկում է ռուսաց լեզուն որպես ևս մեկ պետական (պաշտոնական,– խմբ․) լեզու ընդունելու հարցը»,-ասաց պատգամավորը։
 
Նրա տեսանկյունից՝ այդ հանգամանքը խոսում է ռուսական ներկայության ավելացման մասին։ Նա հայտնեց, որ Ռուսաստանը մտադիր է շուտով խոշոր մարդասիրական նախագիծ իրականացնել Ղարաբաղում։
 
Քաղաքական գործիչը կարծում է նաև, որ չնայած 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ Ղարաբաղում ռուս խաղաղապահների գտնվելու հնգամյա ժամկետ է սահմանվել, սակայն Ռուսաստանը Ղարաբաղ եկել է ընդմիշտ: Ավելին, Զատուլինի համոզմամբ՝ առաջիկա տարիներին պետք է ուժեղացնել ռուսական խմբավորումը Սյունիքի մարզում։ Նա միաժամանակ ընդգծել է, որ դա իր անձնական փորձագիտական կարծիքն է։
 
Հիշեցնենք՝ նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն են ընդունել ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։ Դրա համաձայն լիակատար հրադադարն ուժի մեջ է մտել նոյեմբերի 10-ին։ Հայկական կողմը համաձայնել է մի շարք տարածքային զիջումների։ Եռակողմ հայտարարության համաձայն` Լեռնային Ղարաբաղի շփման գծի երկայնքով տեղակայվել է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը։

  • Կիսվել: