Լաոն զարթնել է, թույլ չի տա նոր կորուստներ․ Արթուր Խաչատրյան
Նիկոլ Փաշինյանը չի վայելում ժողովրդի վստահությունը, կորցրել է ժողովրդի հարգանքը. այս մասին այսօր Ֆրանսիայի հրապարակում ընթացող հանրահավաքի ժամանակ ասաց ՀՅԴ գործիչ, պատգամավոր, Բաշ Ապարանից քայլերթով հրապարակ հասած Արթուր Խաչատրյանը։
«Մեր երթը սկսկեցինք այն տեղից, որտեղ Դրոն կանխեց թուրքերի մուտքը Հայաստան, հերոս Դրոն չթողեց, որ թուրքը մտնի Հայաստան։ Դրոն մեզ Հայաստան թողեց, որ թույլ չտանք, թուրքը մտնի այս երկիրը։ Մենք այցելեցինք 44-օրյա պատերազմում զոհված տղաների շիրիմին, գլուխ խոնարհեցինք, երդվեցինք, որ թույլ չենք տա, իրենց արյունը ջուր դառնա»,-ասաց նա։
ՀՅԴ անդամը նշեց, որ իշխանությունները, ղեկավարման 4 տարիներին Հայաստանին զոհեր ու կորուստներ են բերել։
«Երեք տարի առաջ այստեղ հաց էիր կիսում քաղաքացու հետ Քաղաքացու տոնին։ Ինչո՞ւ երեկ չիջար, որովհետև գիտես, որ դու այլևս քաղաքացի չունես։ Գնա՛, հեռացի՛ր, գնա՛, որ կարողանանք մեր մեջքն ուղղել, գնա՛, որ հետ բերենք մեր կորուստները, գնա՛, որ կարողանանք մեր հայրենիքը շենացնել, գնա՛, որ կարողանանք Արցախը ամրացնել։ Լաոն զարթնել է, թույլ չի տա նոր կորուստներ, բայց դրա համար դու պիտի հեռանաս։ Գնա՛, գնա՛, գնա՛։ Հեռացիր՛ այստեղից»,- դիմելով Փաշինյանին՝ ասաց Արթուր Խաչատրյանը։