հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Կորոնավիրուսի հետևանքով պետության կողմից ստացած աջակցությունը պետք է վերադարձնեն այն մարդիկ, որոնց համար այդ օգնությունը նախատեսված չէր. վարչապետ

Կորոնավիրուսի հետևանքով պետության կողմից ստացած աջակցությունը պետք է վերադարձնեն այն մարդիկ, որոնց համար այդ օգնությունը նախատեսված չէր. վարչապետ

Կորոնավիրուսի հետևանքով պետության կողմից ստացած սոցիալակն աջակցությունը պետք է վերադարձնեն այն մարդիկ, որոնց համար այդ օգնությունը նախատեսված չէր: Այս մասին ԱԺ ամբիոնից հայտարարեց ՀՀ վարչապետը` անդրադառնալով այն լուրերին, որ Պաշտպանության նախարարությունում ստիպում են իրենց աշխատակիցներին վերադարձնել ստացած սոցիալական աջակցությունը:

«Այդ գումարները պետք է վերադարձվեն, քանի որ դրանք նախատեսված էին բոլորովին ուրիշ կատեգորիայի մարդկանց համար»,- պնդեց վարչապետը: Նա մանրամասնեց, որ կան ծառայության գաղտնի տեսակներ, որոնք արձանագրված չեն բազաներում։ Հենց դա էլ սողանցք է դարձել, որ այդ աշխատակիցները հաշվառվել են, որպես չաշխատող և ստացել օգնություն:

«Շատ ցավալի փաստ է, որ մեր սոցիալական անապահով խավի համար նախատեսված միջոցները գնացել են այլ ուղղությամբ։ Այդ գումարները պետք է վերադարձվեն։ Եվ ավելին, պետք է ծառայողական քննություն իրականացնել, թե ինչպես է այդ ամեն ինչը տեղի ունեցել։ Դա շատ վատ երևույթ է, որ նման ճգնաժամային իրավիճակում առաջնորդվում են այդ տրամաբանությամբ։ Մեկը բանկում 50 մլն ավանդ ունի, գալիս է, էդ միջոցառումից գումար է տանում, մյուսի աշխատավարձն առաջնային կարգով բարձրացրել ենք, պայմանները բարելավվել ենք, գալիս է ըտեղից գումար է տանում»,- ասաց Փաշինյանը։

Նա նաև իրեն այս հարցը ուղղած «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Կարեն Սիմոնյանին հանդիմանեց հարցի նման ձևակերպման համար։

«Դուք պետք է էդ հարցը ոչ թե ըտենց տայիք, այլ պետք է ասեիք, ե՞րբ եք օր առաջ էդ գումարները վերադարձնելու ու ճիշտ նպատակին ծառայացնելու։ Մինչև վերջին կոպեկը պետք է վերադարձնել։ Մենք գաղտնի ծառայություն իրականացնողներին պետք է ասենք, վերադարձրեք այդ գումարները, որովհետև դրանք ձեր գումարները չեն»,- ասաց նա։ Փաշինյանն ասաց, շատ վատ է, որ այդպես են վարվել ուժային համակարգի ներկայացուցիչները: Նա դատապարտեց նրանց արածն ու ամոթանք հայտնեց:

Հիշեցնենք, կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 9-րդ ծրագրի շրջանակներում միանվագ՝ յուրաքանչյուր երեխայի համար 26 500 ՀՀ դրամ գումարի չափով, օժանդակություն է տրամադրվել 0-18 տարեկան երեխա ունեցող այն ընտանիքներին, որտեղ երկու ծնողներն էլ չունեն գրանցված աշխատանք։

  • Կիսվել: