շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Խուճապից խուսափելու համար ամենալավ զենքը ճշմարտությունն անդադար ասելն է․ Մարուքյան

Խուճապից խուսափելու համար ամենալավ զենքը ճշմարտությունն անդադար ասելն է․ Մարուքյան

Խուճապից խուսափելու համար ամենալավ զենքը ճշմարտությունը անդադար ասելն է, երբ մեկը սուտ է ասում, այդ սուտը շատ արագ երևալու է, ուրիշ լուծում չկա:  Այս մասին այսօր ԱԺ արտահերթ նիստում հայտարարեց ԼՀԿ պատագամավոր Էդմոն Մարուքյանը՝ Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին և կից ներկայացված օրինագծերի փաթեթը քննարկելիս։ Նշենք, որ  փոփոխություններով առաջարկվում է տույժեր սահմանել Հայաստանի ողջ տարածքում հայտարարված ռազմական դրության սահմանափակումները խախտելու համար:

«Իմ մտավախությունն այն է, որ պաշտոնական տեղեկության հետ կապված այս քննարկումից, որոշումը ընդունելուց հետո մենք կարող ենք խնդիրներ ունենալ, քանի որ մինչ այս պահը մենք բոլորս հավատում ենք, բայց այս նախագծով կասկածի տակ ենք դնում»,-ասաց նա և նշեց, որ անգամ այդ նախագծի քննարկումը պետք չէ:

Ռուստամ Բադասյանը նշեց, որ կառավարությունը չի պատրաստվում իր գործելաոճը փոխել, բայց սոցցանցում կեղծ, սադրիչ տեղեկություններ են տարածվել: «Այնպիսի տեղեկություններ են հայտնվում, որով չի բացառվում, որ նաև թշնամական երկիրն է զբաղվում: Այս նախագիծը հանրային համերաշխությունը խաթարելու, կամ կառավարության գործեալոճը փոփոխելու մասին չէ, սա անհատական դեպքերի մասին է»,-ասաց նա:

Այսպիսով` վարչական պատասխանատվության միջոցներ են սահմանվել ազատ տեղաշարժվելու իրավունքի, ֆինանսատնտեսական գործունեության, ապրանքների շրջանառության, պարետային ժամի, կարծիքի արտահայտման ազատության սահմանափակումները խախտելու դեպքում, անհետաձգելի աշխատանքներին ներգրավվելուց կամ տրանսպորտային միջոց տրամադրելուց հրաժարվելու դեպքում, ռազմական դրության ժամանակ գործադուլներ, հավաքներ կազմակերպելու, մասնակցելու և կազմակերպությունների գործունեությունը դադարեցնող կամ կասեցնող այլ միջոցառումների արգելքը խախտելու համար և մի շարք այլ դեպքերում: Առավել մեծ տույժ է նախատեսվում նշված խախտումներից որևէ մեկը վարչական տույժ նշանակելու օրվանից հետո կրկին կատարելու համար:

  • Կիսվել: