երեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2024
Կհրապարակվի կորոնավիրուսով վարակվածության բնակավայրերի քարտեզը

Կհրապարակվի կորոնավիրուսով վարակվածության բնակավայրերի քարտեզը

Այսօր կամ վաղը կհրապարակվի Հայաստանում կորոնավիրուսով վարակվածության քարտեզը՝ ըստ բնակավայրերի, այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։

Նրա տեղեկացմամբ, քարտեզում նշված կլինեն այն բնակավայրերը, որոնցում արձանագրվել է վարակը և այդպիսով պարզ կլինի, թե որ մարզում են ավելի շատ վարակի դեպքերը։ Այդուհանդերձ, նախարարը շտապեց հայտնել, որ վարակի դեպքեր կան Երևանում ու Երևանի գրեթե բոլոր հարակից մարզերում։ Կորոնոավիրուսով դեպքեր չկան Վայոց Ձորի ու Գեղարքունիքի մարզերում։

«Գյումրիում վարակակիրները շատ չեն, ձեռքերի վրա կարելի հաշվել, բայց նրանց շփման շրջանակը մեկուսացված է։ Բացի այդ, Գյումրիի ինֆեկցիոն հիվանդանոցում շարունակում են բուժումը նաև այլ բնակավայրերից մարդիկ», - նշեց նախարարը։

Հարցին, թե արդյոք պարզվե՞լ է, թե ինչպես է վարակը ներթափանցել Շիրակի, Կոտայքի մարզեր, Թորոսյանը պատասխանեց, որ պարզվել է ու հավելեց, որ որոշ դեպքերում վարակը տեղի է ունեցել լոկալ փոխանցման, որոշ դեպքերում՝ վարակը բեչել են այլ երկրներից։

«Կոնտակտավորների բացահայտումը շարունակական պրոցես է և միշտ իրականացվում է։ Դեպքեր կան, որ շարունակում ենք ու անընդհատ պարզում նոր կոնտակտներ։ Շատ դեպքերում մեր քաղաքացիները չեն համագործակցում մեզ հետ, չեն խոսում, պատմում, բայց պետք է համագործակցել, որպեսզի կանխենք վարակի տարածումը», -ասաց նախարարը՝ընդգծելով, որ իրավիճակը վերահսկելի է։

  • Կիսվել: