չորեքշաբթի, հունիս 17
17 / 6 / 2026
Ոչ միայն մայրը կարող է օգտվել երեխայի խնամքի արձակուրդից, այլև հայրը. Արսեն Թորոսյան

Ոչ միայն մայրը կարող է օգտվել երեխայի խնամքի արձակուրդից, այլև հայրը. Արսեն Թորոսյան

Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայրերի օրվա կապակցությամբ՝ հիշեցնելով նրանց վերաբերող որոշ օրենսդրական կարգավորումների մասին։

«Սիրելի՛ քաղաքացիներ, արդեն երկրորդ տարին է, ինչ Հայաստանում հունիսի 17-ը պաշտոնապես նշում ենք որպես Հայրերի օր։

Շնորհավորում եմ բոլոր հայրերին տոնի առթիվ և ցանկանում հիշեցնել հենց նրանց վերաբերող որոշ օրենսդրական կարգավորումների և երաշխիքների մասին, որոնք կարևոր է իմանալ և կիրառել։

Առաջինը հայրության արձակուրդն է։ Աշխատող հայրերը երեխայի ծնվելուց հետո՝ 30 օրվա ընթացքում, իրավունք ունեն օգտվելու 5 աշխատանքային օր տևողությամբ արձակուրդից։

Բացի այդ, մինչև երեք տարեկան երեխայի խնամքի կազմակերպման հարցում կարգավորումներ են նախատեսված նաև հայրերի համար։ Այո՛, ոչ միայն մայրը կարող է օգտվել երեխայի խնամքի արձակուրդից, այլև հայրը՝ խնամքի արձակուրդը վերցնելով ամբողջությամբ կամ մաս առ մաս։

Այսօր նաև Ազգային ժողովի կողմից 1-ին ընթերցմամբ ընդունվեց Աշխատանքային օրենսգրքում փոփոխությունների նախագիծը, որով կսահմանվի «ծնողական ժամ» եզրույթը։ Այն աշխատող ծնողներին հնարավորություն կտա օրական մինչև 30 րոպե կամ 1 ժամ (կախված երեխաների քանակից) բացակայել աշխատանքից՝ պահպանելով աշխատավարձը։

Սիրելի՛ հայրեր,ևս մեկ անգամ շնորհավորում եմ ձեր օրը՝ մաղթելով առողջություն և ամենայն բարիք»,-ասված է ուղերձում:

  • Կիսվել: