Խորը ինտրիգ փնտրելու կարիք չկա. Ռոբերտ Քոչարյանը՝ իր եւ Սերժ Սարգսյանի հարաբերությունների մասին
Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հորդորում է ինտրիգ չփնտրել իր եւ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հարաբերություններում։
«Դուք այդ հարաբերությունները սեւ եւ սպիտակի մի վերածեք։ Դրա մեջ խորը ինտրիգ փնտրելու կարիք չկա»,- այսօր՝ փետրվարի 17-ին կայացած ասուլիսին ասաց Ռոբերտ Քոչարյանը՝ պատասխանելով իր եւ Սերժ Սարգսյանի միջեւ հնարավոր տարաձայնությունների վերաբերյալ լրագրողի հարցին։
Ռոբերտ Քոչարյանը նշեց, որ չի հիշում՝ երբ է վերջին անգամ հանդիպել կամ խոսել երրորդ նախագահի հետ։
«Ես օրագիր չեմ պահում, որ ասեմ՝ այս օրը հանդիպեցի, հանդիպումը տեւեց 27 րոպե։ Երբ որ պետք է, ինչ որ հարց ունենք, կարող եմ զանգել, հետը խոսել։ Մենք կոմունիկացիայի խնդիր չունենք» ,- ասաց նա։
Ռոբերտ Քոչարյանի խոսքով՝ միաժամանակ, կարող են լինել հարցեր, որոնց վերաբերյալ իրենց կարծիքները կարող են չհամապատասխանել, լինեն տարաձայնություններ, բայց դա, ըստ նրա, չի խոչընդոտում երկխոսության միջոցով քննարկումներին։
Ինչ վերաբերում է իր և Սերժ Սարգսյանի համակիրների միջև առկա հեռավար բանավեճին՝ Ռոբերտ Քոչարյանը նշեց, որ եւ իր համակիրների մեջ կան մարդիկ, որոնք չենք ընդունում 3-րդ նախագահին, եւ 3-րդ նախագահի համակիրների մեջ կան մարդիկ, որորնք իրեն չեն ընդունում։ Ըստ այդմ, ըստ նրա, իռացիոնալ քայլ կլինի ուժերը միավորելը։
«Երբ ասում են` ինչո՞ւ ձեր ուժերը չեք միացնում, պատասխանեմ, որովհետև դա երբեք ինքնանպատակ չի արվում։ Միացնում են այն ժամանակ, երբ սիներգիայի էֆեկտ է ստացվում՝ օրինակ, 5+5-ը դառնում է 12, 13 կամ 14։ Եթե 5+5-ը դառնում է 7, ուժերը չեն միացնում։ Մեր մոտ պատկերն այնպիսին է, որ այդ սիներգիան չի աշխատելու։ Եթե մենք փորձենք միասին ինչ-որ բաներ անել, իմ համակիրների մի մասը, որը չէր ընդունում 3-րդ նախագահին, պասիվանալու և հեռանալու է։ Նման պատկեր ունենալու ենք նաև 3-րդ նախագահի թիմում։ Ինչո՞ւ եք ուզում, որ կատարենք իռացիոնալ քայլ, որի արդյունքը կասկածելի է»,- ասաց ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։
Լրագրողներից մեկի դիտարկմանն այն մասին, որ ժամանակին անգամ Վեհափառ Հայրապետն է փորձել կարգավորել ՀՀ 2-րդ և 3-րդ նախագահների միջև հարաբերությունները, Ռոբերտ Քոչարյանը պատասխանեց. «Վեհափառը ձեզ պես չի մտածում, որ մենք հարաբերություններում ունենք անհաղթահարելի խնդիրներ, չի եղել այդպիսի բան, որ Վեհափառն էլ միջնորդի այդ խնդիրները կարգավորելուն»։