Խորհրդարանական ընդդիմության խմբակցությունները չգիտեն, թե ինչ են ուզում, որովհետև տարբեր առաջարկներ են հնչում նույն խմբակցության տարբեր պատգամավորներից․ ՔՊ-ականը՝ ընդդիմությանը
Տպավորություն է ստեղծվում, որ խորհրդարանական ընդդիմության խմբակցությունները չգիտեն, թե ինչ են ուզում, որովհետև տարբեր առաջարկներ են հնչում նույն խմբակցության տարբեր պատգամավորներից: Միգուցե, ճիշտ կլինի, որ խմբակցութունները կիսվեն ու դառնան 3 առանձին խմբակցություններ, էդպես ավելի հեշտ կլինի կոմունիկացվել խորհրդարանական ընդդիմության հետ: Այս մասին ԱԺ արտահերթ նիստին ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը:
«Ինչ վերաբերում է հնչող տեսակետներն, թե պետք է հստակեցնել խորհրդարանի դերը՝ խորհրդարանի դերը հստակ է: «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորները կատարում են օրենսդրությամբ իրենց լիազորությունները, իրականացնում են վերահսկողություն, իրականացնում են դիվանագիտական ակտիվ աշխատանք: Մենք որևէ խնդիր չունենք նստելու և մտածելու, թե ինչ պետք է անի խորհրդարանը»:
Նա ընդգծեց, որ դիսկուրսը, թե կան ավելի կարևոր հարցեր և թե ինչո՞ւ եք բերել հենց այս հարցը խորհրդարան՝ անիմաստ է: «Սա խոսակցություն է ոչնչի մասին, իսկ մենք ժամանակ չունենք խոսելու ոչնչի մասին, որովհետև այո, գտնվում ենք շատ բարդ իրավիճակում, երբ աշխատանք է պետք իրականացնել, պետք է աշխատել և ոչ թե գալ ու մեզ համոզել, որ նախաձեռնություններ բերենք:
Մենք բերել ենք նախաձեռնություն, որը վերաբերում է համայնքների զարգացմանը, նախագիծ, որը թույլ չի տա համայնքերի աշխատանքը պարալիզացնել, որպեսզի համայնքում ծրագրեր իրականացվեն, որպեսզի, երբ խնդիրներ առաջանան մեր սահմաններին՝ համայնքները կարողանան պատշաճ արձագանքել և մոբիլիզացնել այս ռեսուրսները: Սրա համար կառավարում է պետք, իսկ մենք առաջարկում ենք կառավարել համայնքները, հոգալ այդ համայնքների կարիքները: Ես խնդրում եմ աշխատանքի իմիտացիա չանել և աշխատել հանուն Հայաստանի Հանրապետության, եթե ոչ՝ առնվազն չխանգարել»:



