հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Խորհրդարան է այցելել Լիտվայի պետական հիմնարկների արհմիությունների ներկայացուցիչների պատվիրակությունը

Խորհրդարան է այցելել Լիտվայի պետական հիմնարկների արհմիությունների ներկայացուցիչների պատվիրակությունը

Հայաստանի եւ Լիտվայի միջեւ դիվանագիտական հարաբերությունները բավականին բարձր մակարդակի վրա են: Ողջունելի են վերջին շրջանում ակտիվացած երկկողմ փոխայցերը, որոնք նոր եռանդ են հաղորդում Հայաստան-Լիտվա հարաբերություններին: Այս մասին ասել է Աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հերիքնազ Տիգրանյանը՝ ողջունելով Լիտվայի Հանրապետության պետական հիմնարկների արհմիությունների ներկայացուցիչների պատվիրակությանը:

Հանդիպումը տեղի է ունեցել ապրիլի 19-ին, որին մասնակցել են նաեւ հանձնաժողովի անդամներ Զարուհի Բաթոյանը, Մարիամ Պողոսյանը եւ Լիլիթ Ստեփանյանը:

Պատվիրակության ղեկավար Ռիմա Քիսելենը ներկայացրել է Լիտվայի պետական հիմնարկների արհմիությունների գործունեության ընդհանուր համակարգը, գործիքակազմը, իրավապայմանագրային կարգավորումները:

Խոսելով հանձնաժողովի գործունեության մասին՝ Հերիքնազ Տիգրանյանը կարեւորել է արհմիությունների դերը ոլորտի թե՛ գործնական, թե՛ օրենսդրական դաշտի կարգավորման մակարդակում: Հանձնաժողովի նախագահը տեղեկացրել է, որ արհմիություններին վերաբերող օրենսդրական փաթեթը մշակման փուլում է:

Քննարկվել են ոլորտում հաջողված փորձի փոխանակմանը, գործատուների որոշումների վրա ազդելու նպատակով արհմիություններին համապատասխան գործիքակազմով ապահովելուն, արհմիությունների անկախ գործունեությանը եւ ֆինանսական անկախությանը, հաշվետվողականությանը, արհմիության անդամների շահերի պաշտպանությանը վերաբերող հարցեր:

  • Կիսվել: