Խորհդարանական ընդդիմադիր ուժերը իրավասու են տիրապետել ցանկացած ինֆորմացիայի. Տոնոյանը՝ ԼՀԿ-ի և ԲՀԿ-ի մասնակցությամբ ԱԽ նիստի մասին
Հոկտեմբերի 27-ի գրությունից անցել է երկու շաբաթ, բայց մեր հարցերն այդպես էլ պատասխան չեն ստացել, դրանց նաև բազմաթիվ այլ հարցեր են գումարվել։ Այս մասին խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը՝ անդրադառնալով ԲՀԿ-ի և ԼՀԿ-ի մասնակցությամբ ԱԽ նիստ հրավիրելու մասին։
«Ցավոք, մեր այդ առաջարկն այդպես էլ արձագանք չգտավ, իշխանության ներկայացուցիչները սահմանափակվեցին վարչապետի մամուլի խոսնակի այն հայտարարությամբ, թե օրեր առաջ այդ ձևաչափով հանդիպում արդեն իսկ կայացել է։ Սա ինձ համար առավել քան տարօրինակ ձևակերպում է, որովհետև ռազմական դրության պայմաններում, երբ յուրաքանչյուր վայրկյան սահմանին իրավիճակ է փոխվում, կարծում եմ, որ խորհրդարանական ընդդիմադիր ուժերի ներկայացուցիչները, եթե գտնում են այդ անհրաժեշտությունը, ապա հարկ է, որ դրան որոշակի արձագանք լիներ», - ասաց Տոնայանը։
Նա նշեց, որ գրությունից անցել է երկու շաբաթ, այդ հարցերը պատասխան չեն ստացել, դրանց գումարվել են նաև բազմաթիվ այլ հարցեր.
«Այսօր առավել քան անհրաժեշտ ենք դիտարկում նմանատիպ հանդիպման անցկացումը»։
Այս պահի դրությամբ, Տոնոյանի խոսքով, վարչապետից դեռևս որևէ արձագանք չունեն.
«Այն լինելուն պես կներկայացնենք հանրությանը»։
Նրա խոսքով՝ Արցախում իրավիճակի վերաբերյալ ամբողջ տեղեկատվությանը տիրապետում են բացառապես իշխանությունները։
«Եվ այս դեպքում խորհրդարանում ներկայացված ընդդիմադիր քաղաքական ուժերն առավել քան իրավասու են ունենալ ցանկություն տիրապետել ինֆորմացիայի, որը կապված է Արցախի և ՀՀ սահմանների անվտանգության հետ։ Մեր առաջարկ-պահանջը սրանով է պայմանավորված եղել», - ասաց Իվետա Տոնոյանը։


