շաբաթ, հոկտեմբեր 24
24 / 10 / 2026
Զելենսկին նշել է պատերազմը դադարեցնելու Ուկրաինայի պայմանները

Զելենսկին նշել է պատերազմը դադարեցնելու Ուկրաինայի պայմանները

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ABC News-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ պատրաստ է խաղաղության համաձայնագիր կնքել Ռուսաստանի հետ և դադարեցնել ռազմական գործողությունները ներկայիս շփման գծով։ Միևնույն ժամանակ նա հավելել է, որ Կիևը չի համաձայնի ժամանակավորապես օկուպացված տարածքները ճանաչել որպես Ռուսաստանի մաս։

Լրագրողի այն հարցին, թե արդյոք կգնա՞ր գործարքի, եթե նման հնարավորություն ստեղծվեր հենց այսօր, Զելենսկին դրական է պատասխանել։ Սակայն, անդրադառնալով այն ենթադրությանը, թե համաձայնագրի դիմաց Ուկրաինան կարող է հրաժարվել իր տարածքի 25 տոկոսից, նա ընդգծել է, որ ռուսական զորքերն ուկրաինական տարածքի ավելի փոքր հատված են վերահսկում։

«Նրանք մեր տարածքի 25 տոկոսը չեն օկուպացրել։ Երբ ինչ-որ մեկը խոսում է 25 տոկոսի մասին, դա նշանակում է, թե մենք ինքնակամ պետք է դուրս գանք Դոնբասի մեր տարածքից։ Այդ դեպքում, այո՛, նրանք կվերահսկեին 25 տոկոսը։ Այժմ նրանք վերահսկում են 19,3 տոկոսը»,— ասել է նախագահը։

Զելենսկու խոսքով՝ Ուկրաինան պատրաստ է հնարավորինս շուտ կանգնեցնել պատերազմը՝ սառեցնելով հակամարտությունը ռազմաճակատի ներկայիս գծով։ Սակայն դա ամենևին չի նշանակում, որ Կիևը կհամաձայնի գրավված տարածքներն իրավաբանորեն ռուսական ճանաչել։

Հարցազրույցի ընթացքում քննարկվել են նաև Starlink-ի արագության սահմանափակումները, Patriot հակաօդային պաշտպանության համակարգերի հրթիռների պակասը և բալիստիկ սպառնալիքների վերաբերյալ հետախուզական տվյալների ժամանակավոր բացակայությունը։

Զելենսկին հայտնել է, որ Starshield-ի արագությունը նախկինի պես սահմանափակված է, իսկ վերջին 90 օրվա ընթացքում Ուկրաինան ռազմավարական գործընկերոջից ստացել է Patriot-ի ընդամենը 24 հրթիռ։ Պատասխանելով այն հարցին, թե արդյոք ԱՄՆ-ը խոչընդոտում է Ուկրաինային եվրոպական հրթիռների մատակարարմանը, նա պարզաբանել է, որ Վաշինգտոնը չի ստորագրել համապատասխան համաձայնագիրը։

Ուկրաինայի նախագահը նաև նշել է, որ պատերազմի պայմաններում երկիրն իրեն չի կարող թույլ տալ թույլ ղեկավար ունենալ։ Նրա խոսքով՝ ինքը մտադիր է հակադարձել ցանկացած ճնշման, նույնիսկ եթե երբեմն իր արձագանքը բավարար չափով քաղաքավարի չլինի։

«Եթե Ուկրաինան ուզում է գոյատևել, ապա նրան պետք է ուժեղ բանակ, ուժեղ նախագահ և ուժեղ ժողովուրդ»,— շեշտել է Զելենսկին՝ իր կոշտ դիրքորոշումը բացատրելով երկիրը պաշտպանելու անհրաժեշտությամբ։

Անդրադառնալով ԱՄՆ-ի հետ հարաբերություններին՝ Ուկրաինայի նախագահը խոստովանել է, որ Վաշինգտոնի կողմից աջակցության պակաս է զգում։

Իսկ մեկնաբանելով Դոնալդ Թրամփի և Վլադիմիր Պուտինի հարաբերությունները՝ Զելենսկին նկատել է, որ Ռուսաստանի նախագահի հետ «ընկերություն անելու» որոշումն ԱՄՆ առաջնորդի անձնական ընտրությունն է։ Նրա կարծիքով՝ ԱՄՆ-ի և Ռուսաստանի ղեկավարների միջև բավականին լավ հարաբերություններ են ձևավորվել։

  • Կիսվել: