չորեքշաբթի, հունիս 26
26 / 6 / 2024
Խաղաղության պայմանագրի տեքստի շուրջ զգալի առաջընթաց է գրանցվել, սակայն դեռ կան որոշ չլուծված հարցեր. Հաջիև

Խաղաղության պայմանագրի տեքստի շուրջ զգալի առաջընթաց է գրանցվել, սակայն դեռ կան որոշ չլուծված հարցեր. Հաջիև

Ադրբեջանի Հանրապետության նախագահի օգնական, նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության հարցերով բաժնի վարիչ Հիքմեթ Հաջիևը հարցազրույց է տվել գերմանական Բերլիներ Զեյթունգ թերթին, որտեղ անդրադարձել է Հայաստանի հետ կնքվելիք խաղաղության պայմանագրին:

Նա նշել է, որ իբրև թե 2020 թվականի պատերազմի ավարտից հետո հենց Ադրբեջանն է նախաձեռնել Հայաստանի հետ խաղաղ բանակցություններ՝ ներկայացնելով հինգ հիմնական սկզբունքներ՝ միջազգային իրավունքի հայտնի նորմերին համապատասխան, որոնք, մասնավորապես, ներառում են ինքնիշխանության և տարածքային ամբողջականության փոխադարձ հարգանքը, միմյանց նկատմամբ տարածքային որևէ պահանջի բացակայության փոխադարձ հաստատումը և դիվանագիտական հարաբերությունների հաստատումը:

՛՛Մենք իսկապես հավատում ենք, որ խաղաղության պայմանագիր կնքելու պատմական հնարավորություն կա, և մենք չպետք է բաց թողնենք այդ հնարավորությունը: Խաղաղության պայմանագրի տեքստի շուրջ զգալի առաջընթաց է գրանցվել, սակայն դեռ մի քանի չլուծված հարցեր կան՛՛,-ասել է նա:

Ըստ Հաջիևի՝ վերջերս Հայաստանն ու Ադբեջանը ՛՛աշխարհին զարմացրել են դրական օրակարգով՛՛։

՛՛Ես նկատի ունեմ Ադրբեջանի նախագահի և Հայաստանի վարչապետի աշխատակազմերի՝ դեկտեմբերի 7-ի խորհրդանշական համատեղ հայտարարությունը, որի արդյունքը փոխադարձ փոխանակման գործարքի շրջանակներում 34 զինվորի ազատ արձակումն էր։ Բացի այդ, Ադրբեջանը պաշտպանել է Հայաստանի թեկնածությունը՝ Արևելյան Եվրոպայի խմբի կլիմայի կոնֆերանսի բյուրոյին անդամակցելու համար, Իսկ Հայաստանը՝ Ադրբեջանի թեկնածությունը՝ ՄԱԿ-ի կլիմայի հարցերով 29-րդ խորհրդաժողովի (COP) անցկացման համար: Սա ցույց է տալիս, որ Ադրբեջանն ու Հայաստանն ունակ են ուղիղ երկկողմ բանակցություններ վարել առանց միջնորդների՛՛,-նշել է Հաջիևը:

Խոսելով խախաղության պայմանագրի ստորագրման ժամկետների մասին՝ նա ասել է. ՛՛Այս պահին մենք լուրջ խոչընդոտներ չենք տեսնում խաղաղության պայմանագրի կնքման համար։ Այժմ մենք տեսնում ենք վերջին երեսուն տարվա ամենահանգիստ օրերը երկու երկրների հարաբերություններում։ Երկու բանակների՝ զորանոցներ վերադառնալուց հետո նույնիսկ փոխհրաձգության դեպքեր չեն գրանցվել։ Իսկ վերջերս Սանկտ Պետերբուրգում Ադրբեջանի նախագահի և Հայաստանի վարչապետի ոչ պաշտոնական հանդիպումը նույնպես դրական է անցել։ Սակայն առայժմ դժվար է խոսել կոնկրետ ժամկետների մասին, քանի որ գործընթացն ավարտելու համար անհրաժեշտ է Հայաստանի և Ադրբեջանի միջև հետագա բանակցությունների անցկացումը։ Անկեղծ ասած, չեմ կարծում, որ նպատակահարմար է կաշկանդվել խիստ ժամկետներով՝ դրանով իսկ աշխատելով ժամանակի ճնշման տակ՛՛:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: