երեքշաբթի, մայիս 7
7 / 5 / 2024
Խաղաղության համաձայնագրի ստորագրումը մենք միշտ մոտ ժամկետում հավանական ենք համարում. Խանդանյան

Խաղաղության համաձայնագրի ստորագրումը մենք միշտ մոտ ժամկետում հավանական ենք համարում. Խանդանյան

Խաղաղության համաձայնագրի ստորագրումը մենք միշտ մոտ ժամկետում հավանական ենք համարում, որովհետեւ մենք կառուցողական ենք տրամադրված դրան: Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը:

«Բայց կրկին, պետք է հավատարմություն հայտնել մեր նշած սկզբունքներին եւ փաստաթուղթը պետք է ունենա այն տեսքը, որը հնարավոր կլինի Հայաստանի համար ստորագրել, եւ որին Ադրբեջանն իր համաձայնությունը կտա: Պետք է արձանագրեմ, որ այս հայտարարությունը դրականորեն կարող է ազդել, դրական բառապաշար կա առնվազն հայտարարության տեքստի մեջ, ինչը կարող է նպաստել հետագա բանակցությունների ավելի սահուն ընթացքին»,-ասաց նա:

Հարցին, թե բացի տեքստում ամրագրված վստահության ամրապնդման մասին դրույթից, ուրիշ ինչ շոշափելի քայլերի մասին է խոսքը, Խանդանյանը պատասխանեց. «Այս բանակցությունները կոնկրետ այս հումանիտար հարցին են վերաբերել, հետագայում սրա շրջանակներում այլ շարունակական գործընթացների մասին տեղեկատվություն չկա»:

Հարցին, թե Ադրբեջանում սպասվող արտահերթ ընտրություններն ինչպե՞ս կազդեն բանակցությունների վրա, իշխող ուժի ներկայացուցիչն արձանագրեց․

«Հույս ունեմ՝ Ադրբեջանում սպասվող ընտրությունները պատճառ չեն լինի բանակցություններին չմասնակցելուն, հույս ունեմ նաև, որ այդ գործընթացը խաղաղության պայմանագրի ստորագրումը չի ձգձգի»։

Հիշեցնենք, որ ՀՀ-ի և Ադրբեջանի համատեղ հայտարարությամբ Ադրբեջանի Հանրապետությունն ազատ է արձակում 32 հայ զինծառայողների: Հայաստանի Հանրապետությունն իր հերթին, առաջնորդվելով մարդասիրության արժեքներով, և որպես բարի կամքի դրսևորում, ազատ է արձակում 2 ադրբեջանցի զինծառայողների։

  • Կիսվել: