չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Խաղաղապահներն անում են այն ամենը, ինչ կարող են․ ՌԴ դեսպանը մեկնաբանել է երեկ Լաչինի միջանցքում տեղի ունեցած միջադեպը

Խաղաղապահներն անում են այն ամենը, ինչ կարող են․ ՌԴ դեսպանը մեկնաբանել է երեկ Լաչինի միջանցքում տեղի ունեցած միջադեպը

Ռուս խաղաղապահներն անում են այն ամենը, ինչ կարող են, այն ամենը, ինչ մտնում է նրանց լիազորությունների շրջանակում՝ Լեռնային Ղարաբաղի բնականոն կենսագործունեությունն ապահովելու համար: ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը մեկնաբանել է երեկ Լաչինի միջանցքում տեղի ունեցած միջադեպը, երբ մի խումբ ադրբեջանցի «ակտիվիստներ» փորձել են խոչընդոտել Լեռնային Ղարաբաղի 27 բնակիչների վերադարձն իրենց տներ:
 
Լրագրողների հետ զրույցում Կոպիրկինը նշել է, որ միջադեպի մանրամասներին չի տիրապետում, կարող է դատել միայն ԶԼՄ-ների հաղորդագրություններից․
 
«Նրանք աշխատում են նույնիսկ այն բարդ պայմաններում, երբ Լաչինի միջանցքը փակ է։ Մեր խաղաղապահների դերը կարևոր է ինչպես բնականոն կենսագործունեության ապահովման, այնպես էլ էսկալացիայի հնարավոր փորձերը կանխելու համար։ Դուք լավ գիտեք, թե ինչպես են գործում խաղաղապահները։ Այս մասին տեղեկատվությունը մշտապես հրապարակվում է: Նրանց դերի կարևորությունն ընդունում է նաև Հայաստանի ղեկավարությունը»,–հավելել է դիվանագետը։
Պատասխանելով խաղաղապահների վարկաբեկման փորձերի մասին հարցին՝ դեսպանը հայտարարել է, որ այստեղ պետք է հիմնվել ոչ թե ինչ-որ մեկնաբանությունների, այլ փաստերի վրա։
 
Հիշեցնենք՝ նախօրեին ռուս խաղաղապահները փորձել են ՀՀ Գորիս քաղաքից Արցախ տեղափոխել թվով 27 քաղաքացիների (ներառյալ՝ երեխաներ, կանայք ու տարեցներ), սակայն Գորիս-Ստեփանակերտ մայրուղու արգելափակված հատվածում ադրբեջանցի «էկոակտիվիստները» արգելել են տրանսպորտային միջոցների երթևեկությունը։
 
 Ադրբեջանցիների միջամտության հետևանքով 4 կանանց ինքնազգացողությունը վատացել է, նրանցից 3-ը կորցրել են գիտակցությունը, որից հետո Շուշիից ժամանած ադրբեջանական շտապօգնության մեքենաներով նրանց տեղափոխել են Ստեփանակերտի հիվանդանոց:

  • Կիսվել: