կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Դա մեր որոշումն է. ԿԽՄԿ արցախյան առաքելության ներկայացուցիչը՝ Լաչինի միջանցքով Հայաստան բուժառու չտեղափոխելու վերաբերյալ

Դա մեր որոշումն է. ԿԽՄԿ արցախյան առաքելության ներկայացուցիչը՝ Լաչինի միջանցքով Հայաստան բուժառու չտեղափոխելու վերաբերյալ

10-ամյա Կարոն մայիսի 2-ին պիտի մայրիկի հետ Կարմիր խաչի մեքենայով Ստեփանակերտից երևանյան հիվանդանոց գար, բայց նախօրենին տեղեկացան, որ դա հնարավոր չէ, գրում է azatutyun.am-ը։

Տղան տասնյակի հասնող ծանր հիվանդություններ ունի։ Վերջին օրերին մի քանի անգամ շնչահեղության նոպաների մեջ է ընկել, գիտակցությունը կորցրել։

«Ես մենակ իմ երեխայի համար չեմ ուզում ասել։ Հստակ էդ օրվա հիվանդներից չորսին արդեն գիտեմ, որ իրոք ամեն րոպեն իրանց կյանքի համար թանկ է», - ասում է Կարոյի մայրը՝ Նարինե Դանիելյանը։

Նա պատմեց, որ մանկական հիվանդանոցի վերակենդանացման բաժնում մի փոքրիկ աղջնակ, որ իրենց հետ Երևան պիտի գար, շարունակում է պայքարել կյանքի համար, լեշմանիոզ ունի, մայրը հղի է, հայրը մի քանի օր առաջ կաթվածից մահացավ։

12 օր է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչները ոչ մի շարժ չեն իրականացնում Լաչինի միջանցքով։

«Դա մեր որոշումն է։ Մենք բոլոր պատկան մարմիններին տեղյակ ենք պահել դրա մասին։ Հիմա մենք գտնվում ենք բանակցությունների փուլում բոլոր որոշում կայացնողների հետ, քանի որ պետք է պայմանավորվածություններ ձեռք բերվեն, որոնք ընդունելի կլինեն բոլորի համար, որպեսզի մենք, որպես չեզոք մարդասիրական կազմակերպություն, կարողանանք շարունակել մեր մարդասիրական դերը», - ասում է Կարմիչ խաչի միջազգային կոմիտեի արցախյան առաքելության ներկայացուցիչ Էթերի Մուսայելյանը։

Նա շեշտում է, որ Ադրբեջանը պաշտոնապես Հակարի կամրջի վրա սահմանային անցակետ է տեղադրել, և տեխնիկական հարցեր կան քննարկելու. - «Հիմա նոր իրավիճակ է ստեղծվել։ Պետք է էս նոր իրավիճակում էլ հասկանալ, թե արդյոք պայմանները նույնն են մնում, արդյոք ընդունելի է բոլորի համար այդ պայմանները»։

«Ինչո՞ւ են բանակցությունները ձգձգվում, Արցախում ծանր վիճակում գտնվող հիվանդներ կան, նրանց հնարավոր չէ Երևան տեղափոխել», - Արցախի պետնախարարի խորհրդական Արտակ Բեգլարյանն է ժամեր առաջ թվիթերյան գրառմամբ ահազանգել. - «Ադրբեջանի բռնատիրական ռեժիմն ապրիլի 29-ից արգելափակել է նույնիկ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի շարժը։ Այժմ էլ Ադրբեջանը փորձում է հիվանդների և Կարմիր խաչի աշխատակիցների անձնագրերը ստուգել։ 30 հիվանդ սպասում է տեղափոխությանը»։

Էթերի Մուսայելյանը կրկնում է՝ իրենց որոշումն է Լաչինի միջանցքով հիվանդների չտեղափոխել, քանի դեռ պարզաբանված չեն բոլոր հարցերը։ Արդյո՞ք արդրբեջանը անընդունելի պայմաններ է առաջադրում։ Կազմակերպության ներկայացուցիչն ասում է, որ իրենց բանակցությունների դետալները հրապարակման ենթակա չեն։

  • Կիսվել: