Կգա ժամանակ, երբ կանդրադառնանք՝ ինչու ոչնչացվեց Մեղրիի երկաթգծի համակարգը, որի պատճառով հակառակորդն արագ է հասնում հարավային մատույցներին
Այսօր ճեպազրույցում Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն անդրադարձել է Մեղրիի երկաթգծի ոչնչացմանը՝ պատասխանելով հարցին, թե երբ Հայաստանը կդիմի ՀԱՊԿ-ին, եթե Ադրբեջանը արկեր է նետել նաև Մեղրի ուղղությամբ:
«Հակառակորդի հիմնական հարվածային ուղղությունը հարավն էր: Մեղրիի խնդիրը, երբ դարձավ բանակցային թեմա Ռոբերտ Քոչարյանի կողմից, պարզ դարձավ՝ պետք է լինենք այդտեղ շատ ամուր: Մեղրիի երկաթգծի, Օրդուբադի եւ Զանգելանի հատվածների կամուրջների պայթեցումներով 1990-ականներին փորձեցինք կանխել հնարավոր ներթափանցումները: Բայց այսօր պարզվեց, որ Մեղրիի երկաթգծի հանելը, քանդելը մեծ վնաս է հասցրել Հայաստանի կոմունիկացիոն համակարգին»:
Նա հիշեցրեց՝ այդ թեմայով լրագրողական հետաքննություն է անգամ եղել: «Կգա ժամանակ, երբ կանդրադառնանք՝ ինչու ոչնչացվեց Մեղրիի երկաթգծի համակարգը, որի պատճառով հակառակորդն արագ է հասնում հարավային մատույցներին»,- համոզված է Անդրանիկ Քոչարյանը:
Ինչ վերաբերում է ՀԱՊԿ-ին դիմելուն, Անդրանիկ Քոչարյանի կարծիքով՝ գուցե դրա անհրաժեշտությունը չլինի, քանի որ Մեղրիում սահմանապահ զորքեր են տեղակայված:
«Եթե նկատելի թիրախային հարվածներ լինեն Ադրբեջանի կողմից, նոր կառաջանա այդ խնդիրը»,- ասաց պատգամավորը:



