Կարո՞ղ ա գիտեք՝ ես Վանեցյանն եմ, ինչ կա, պատմել եմ. Հայրապետյան
Պատրաստ եմ նույնիսկ եռակի տալ: Այս մասին այսօր Ոստիկանության շենքից դուրս գալուց հետո լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՖՖ նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանը՝ նշելով, որ եթե ապացուցվի, որ իր օրոք ՀՖՖ-ում չարաշահումներ են եղել, ինքը պատրաստ է ավելին վերադարձնել:
Նա նաև նշեց, որ շուտով կբացահայտվի, թե ՀՖՖ-ն ինչքան է իրեն պարտք: «Գնացեք էն փոքրիկներին՝ Արմենչիկ, մանկիկներին հարցրեք, կասեն: Մի օր նրանց արած չարաշահումները հանելու եմ բոլորի դեմը դնեմ»,-ասաց Հայրապետյանը:
Անդրադառնալով այն հարցին, թե երբ է չարաշահումների մասով իր խոսքերն ի կատար ածելու, Հայրապետյանն ասաց. «Կարո՞ղ ա գիտեք, ես Վանեցյանն եմ, ինչ կա պատմել եմ: Ես ասում եմ, որ օրը կգա, ամեն ինչ բոլորը կտեսնեն: Ես իմ երեխեքի փողն եմ դրել ֆուտբոլի մեջ: Ինձ ամեն ինչի մեջ կարելի է մեղադրել, նույնիսկ՝ Պատրիս Լուլումբայի սպանության մեջ, բայց ոչ ֆուտբոլից փող գողանալու: Ես տասնյակ միլիոնավոր դոլարներ եմ դրել ֆուտբոլի մեջ: Կարող եք ֆուտբոլիստներից հարցնել, թե ամեն հաղթանակից հետո ինչքան պարգևավճար են ստացել»:
Նա խոսեց նաև վաճառված խաղերի մասին և ասաց, որ ինքը չկա այդ հարցերում. «Գնացեք, էն որ 9:1, 20:1 են անում, նրանց հարցրեք»: