կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Կարևորում ենք Լիտվայի հետ սերտ համագործակցությունը նաև տարածաշրջանային մարտահրավերներին դիմակայելու առումով. ՀՀ վարչապետ

Կարևորում ենք Լիտվայի հետ սերտ համագործակցությունը նաև տարածաշրջանային մարտահրավերներին դիմակայելու առումով. ՀՀ վարչապետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Լիտվայի Հանրապետության վարչապետ Ինգրիդա Շիմոնիտեին՝ ազգային տոնի առթիվ: Ուղերձում նշված է.

«Ձերդ գերազանցություն,

Սրտանց շնորհավորում եմ Ձեզ և Լիտվայի բարեկամ ժողովրդին՝ Լիտվայի Հանրապետության ազգային տոնի՝ Պետության վերականգնման օրվա կապակցությամբ։ 105 տարի առաջ հռչակված անկախ և ինքնիշխան Լիտվան, պետության կերտման ճանապարհին դիմակայելով բազմաթիվ մարտահրավերների, այսօր իր արժանի տեղն է գտել աշխարհի ժողովրդավար երկրների շարքում։

Հայաստանը բարձր է գնահատում Լիտվայի հետ բարեկամական հարաբերությունները, որոնք հիմնված են պատմական, կրթամշակութային առնչությունների և ժողովրդավարական արժեքների վրա՝ ողջունելով Լիտվայի հետ համագործակցությունը` Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումների իրականացման և կառավարման բարելավման նպատակով։

Կցանկանայի գոհունակությամբ նշել երկու երկրների միջև քաղաքական երկխոսության բարձր մակարդակը և առևտրատնտեսական բնագավառներում զարգացող փոխշահավետ համագործակցությունը։ Սրա մասին են վկայում անցած տարվա հոկտեմբերին Վիլնյուսում կայացած՝ հայ-լիտվական առևտրատնտեսական և գիտատեխնիկական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի արդյունքներն ու առաջնային ոլորտներում գործակցության հեռանկարները։

Մենք կարևորում ենք Լիտվայի հետ սերտ համագործակցությունը նաև միջազգային կառույցների հարթակներում աշխարհաքաղաքական ճգնաժամային դրսևորումներին և տարածաշրջանային մարտահրավերներին դիմակայելու առումով՝ արժևորելով Լիտվայի՝ որպես ժողովրդավարական երկրի և մարդու իրավունքների խանդավառ պաշտպանի առավել ներառական դերակատարությունը հարավկովկասյան տարածաշրջանում խաղաղության հաստատման և ժողովրդավարական արժեքների ամրապնդման գործում»:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: