ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Երբ Կարեն Կարապետյանը համաձայնեց փոխարինել ինձ, նա ևս երևի չէր կարծում, որ այդ ամբողջ շարժումը մեր բոլորի դեմ է. Սարգսյան

Երբ Կարեն Կարապետյանը համաձայնեց փոխարինել ինձ, նա ևս երևի չէր կարծում, որ այդ ամբողջ շարժումը մեր բոլորի դեմ է. Սարգսյան

Ինձ համար այլեւս իմաստ չուներ մնալ իշխանության մեջ, որովհետեւ իշխանությունում մնալու նպատակը բոլորովին այլ էր։ Այս մասին կինոռեժիսոր Մհեր Մկրտչյանի հետ հարցազրույցում ասաց ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը՝ ի պատասխան զրուցակցի այն դիտարկմանը, որ 2018-ի ապրիլյան օրերին Նիկոլ Փաշինյանի ձերբակալությունը կհանգեցներ շարժման մարելուն։

Սարգսյանը նշեց. ՛՛Բոլոր դեպքերում ես որոշման մասնակից եմ եղել, եւ՝ այո, այդպես ավելի ճիշտ կլինի, կարծելով, որ այդ դեպքում Կարեն Կարապետյանի դիրքերը կլինեին ավելի կայուն՛՛:

Խոսելով հրաժարականից բացի այլ լուծումների օրակարգում լինելու մասին՝ նա նշեց, որ կարող էր առաջարկել անցկացնել խորհրդարանական նոր ընտրություններ. ՛՛Կարող էի նաեւ հրաժարական չտալ, դրանք լուծումներ են, չէ՞։ Բայց ես դրանցից ոչ մեկին չգնացի, որովհետեւ ինձ համար այլեւս անհնարին էր թվում այն առաքելությունը, որ ես պետք է ունենայի վարչապետի պաշտոնում՛՛։

Սարգսյանն անդրադարձավ հարցին, թե ինչու ի սկզբանե չառաջարկեց Կարեն Կարապետյանի թեկնածությունը, այլ գնաց 3-րդ ժամկետին, գուցե մտածում էր, որ Ռուսաստանի ազդեցությունը կմեծանա՞ այդ դեպքում:

Այս առնչությամբ ՀՀ երրորդ նախագահն ասաց. ՛՛Խոսակցություններ շատ կարող են լինել, բնականաբար, տեղի են ունեցել խոշոր իրադարձություններ, որոնք ծանր հետեւանքներ են ունեցել Հայաստանի համար, իհարկե, նկատի ունեմ նաեւ Արցախի Հանրապետությունը։

Բայց այդ խոսակցություններն իրականությանը չեն համապատասխանում։ Երբ ես Կարեն Կարապետյանին 2016 առաջարկեցի ստանձնել ՀՀ վարչապետի պաշտոնը, իրեն ասել եմ, որ եթե այդ պաշտոնում իրեն լավ դրսեւորի, իմ համոզմամբ, պետք է հանդիսանա իմ իրավահաջորդը՝ առանց ժամկետ նշելու։ Լավ արդյունքներ կային, 2017-ին այդ արդյունքները շատ ավելի տեսանելի էին։ 2017-ին տեղի ունեցան ընտրություններ, մենք հաջողություն ունեցանք եւ շարունակեցինք աշխատել։ 2018-ին լրանում էր նախագահական ժամկետը եւ պետք էր որոշում կայացնել։

Առաջին խոսակցությունը մենք ունեցել ենք 2017-ի կամ ամռան վերջին կամ աշնան սկզբին, շատ պարզ, անկեղծ խոսակցություն էր։ Մենք քայլում էինք կառավարական ամառանոցում, ես Կարեն Կարապետյանին ասացի հետեւյալը, Կարեն, արդեն որոշում ընդունելու պահն է, շուտով նախագահի իմ լիազորություններն ավարտվում են, պատրաստ ե՞ս ստանձնել վարչապետի պարտականությունները, նա ասաց՝ իսկ դուք ի՞նչ եք կարծում, ասացի՝ ես համոզված եմ, որ եթե փոխվեն գլխավոր բանակցողները, համանախագահները կարող են փորձել այլ տարբերակներ առաջարկել, մենք 10 տարի աշխատել ենք եւ համանախագահների դիրքորոշումները չեն տարբերվել մերինից, մենք եղել ենք կառուցողական կողմը, Ադրբեջանը՝ ապակառուցողական, մեր քաղաքականության արդյունքում է դա եղել։

Ասացի՝ ես կարծում եմ, որ եթե քեզ որեւէ կերպ չի նեղացնի, մենք որոշ սահմանափակ ժամանակ աշխատենք այսպես՝ ես վարչապետի պաշտոնում, դու՝ փոխվարչապետի, զբաղվելու ես տնտեսության խնդիրներով, իմ կողմից նվազ միջամտությամբ, ես փորձեմ իմ ասած իմ խնդիրները բերել այնպիսի ռելսերի վրա, որ հետո չունենանք մեծ պրոբլեմներ։ Ասաց՝ միանշանակ այդպես ճիշտ կլինի՛՛:

Խոսելով այն մասին, թե հրաժարականից հետո ինչի մասին են խոսել Նիկոլ Փաշինյանն ու Կարեն Կարապետյանը, եւ ինչու Կարապետյանը չօգտագործեց իր լիազորությունները՝ Սերժ Սարգսյանը նշեց, որ ստվերային հանդիպումների ու պայմանավորվածությունների մասին տարաբնույթ վարկածներն ու խոսակցությունները բամբասանքներ են, եւ ինքը այդպիսի հանդիպման մասին որեւէ տեղեկություն չունի։

Նա ասաց. ՛՛Ես տեղյակ եմ մեկ հանդիպումից, որ տեղի է ունեցել Երեւանում, քննչական ժամանակավոր մեկուսարանում եւ ես ճիշտ չեմ համարում համարում հրապարակավ ասել այն, ինչը Կարեն Կարապետյանն ինձ է ասել, վստահ եմ, որ ինչ-որ մի պահի Կարեն Կարապետյանը այդ մասին կխոսի։

Հիմա թե ինչու Կարեն Կարապետյանը չստանձնեց այդ լիազորությունները, կարծում եմ՝ նույն տրամաբանությամբ, ինչը որ ես չարեցի, եւ այդ հանդիպումը տեղի է ունեցել իմ հրաժարականի օրը, երբ որ ես ունեի, իմ կարծիքով, վերջնական տեքստ, առանց բացատրելու, թե ինչ է նշանակում ՛՛Նիկոլը ճիշտ էր, ես սխալվեցի՛՛ արտահայտությունը, իմ հրաժարականի տեքստը, բնականաբար, ցույց եմ տվել Կարեն Կարապետյանին, ես իրեն հարցրել եմ՝ պատրա՞ստ ես ստանձնել պարտականությունները, ինքն ասել է՝ այո, ինչը ես բարձր եմ գնահատել։

Նա նայեց հրաժարականի տեքստը եւ խնդրեց, առաջարկեց հանել մեկ նախադասություն եւ մեկ պարբերություն, ես գրել էի՝ ՛՛փողոցի շարժումն ինձ դեմ է, ես կատարում եմ ձեր պահանջը՛՛, դրանից հետո կար այսպիսի նախադասություն․ ՛՛Ողջունում եմ Նիկոլ Փաշինյանի եւ Կարեն Կարապետյանի միջեւ ձեռք բերված երկխոսելու պայմանավորվածությունը», այնուհետեւ շարունակել եմ․ ՛՛Կարեն Կարապետյանը լավ առաջնորդ է, նա մեկն է ձեզանից, սիրելի ցուցարարներ եւ սիրելի ոչ ցուցարարներ, նա մարմնավորումն է փորձի եւ ապագայի, օգնե՛ք նրան՛՛։ Եվ քանի որ ինքը պետք է ինձ փոխարիներ եւ ցանկություն չուներ, որ սա լիներ իմ հրաժարականի տեքստում, ես հանեցի այդ նախադասությունն ու պարբերությունը։

Այնուհետեւ մենք գնացինք խորհրդակցության, որտեղից Կարեն Կարապետյանը գնաց այդ հանդիպմանը։ Միգուցե սխալվում եմ, բայց երեւի կարծում էր, որ իմ բարի խոսքը մարդկանց շրջանում կարող էր իր անձի նկատմամբ բացասական վերաբերմունք ձեւավորել, քանի որ իմ նկատմամբ կար այդպիսի վերաբերմունք։ Բայց դա ընդամենը իմ ենթադրությունն է։ Որովհետեւ, եթե ուղիղ ասեմ, ինձ համար նշանակություն չուներ՝ կմնան այդ նախադասությունները, թե՝ ոչ, ուղղակի մի տեսակ բարեմաղթանք էր Կարեն Կարապետյանին։ Իսկ բամբասանքներին ես չեմ հավատում, ես Կարեն Կարապետյանին վաղուց եմ ճանաչում, համատեղ աշխատանքի ընթացքում նա իրեն դրսեւորել է որպես կարգին մարդ, իսկ կարգին մարդը չէր կարող այդպիսի բաներ անել։

Նրա նշանակման օրից ինչ-որ շրջանակներ փորձում էին մեր միջեւ անհասկացողության մթնոլորտ ստեղծել, մինչեւ հիմա էլ դա շարունակվում է։ Իմ հարցազրույցից հետո, որտեղ ես ասել էի, թե իշխանությունը փոխանցել եմ Կարեն Կարապետյանին, շատերը սկսեցին մեկնաբանել, թե այս իշխանափոխությունը ես ՛՛գցում եմ Կարեն Կարապետյանի գրպանը՛՛։

Ոչ, բոլորովին ոչ: Ինձ համար շատ պարզ և հասկանալի էր` մի բան էր, երբ իմ հրաժարականից անմիջապես հետո խորհրդարանում ընտրվեր Կարեն Կարապետյանը, միգուցե, չէր լինի Հայաստանում այսպիսի իշխանափոխություն, թեև ես կասկածում եմ դրանում, բայց մի ուրիշ բան է, երբ որ դու հրաժարական ես տալիս փողոցի ճնշման արդյունքում և իշխանությունը փոխանցում ես մեկ ուրիշին, այսինքն՝ Կարեն Կարապետյանին: Եվ նա էլ ուներ այն նույն պրոբլեմները, այն նույն մտավախությունները, ինչպիսի մտավախություններ ես ունեի: Այսինքն՝ ո՞րն էր այն գործողությունը, որ պետք է հանդարտություն բերեր փողոցին: Եվ շատ ակնհայտ է, որ պարզվեց՝ այդ փողոցի շարժումը, ինչպես ասում են, միայն իմ դեմ չէր՝ մեր իշխանության դեմ էր ամբողջական՛՛:

Այնուհետև Սարգսյանը հավելեց. ՛՛Հիշո՞ւմ եք, չէ՞, դրանից հետո, որ նա հնչեցրեց՝ եթե ես չդառնամ վարչապետ, ապա Հայաստանը վարչապետ չի ունենա։ Երբ Կարեն Կարապետյանը համաձայնեց փոխարինել ինձ, նա ևս երևի չէր կարծում, որ այդ ամբողջ շարժումը մեր բոլորի դեմ է՛՛:

  • Կիսվել: