ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Կառավարությունը հետ կանգնեց․ Փոխնախարարը խորհրդարանին հորդորեց դեմ քվեարկել թոշակներն անկանխիկ ստանալու մասին նախագծին

Կառավարությունը հետ կանգնեց․ Փոխնախարարը խորհրդարանին հորդորեց դեմ քվեարկել թոշակներն անկանխիկ ստանալու մասին նախագծին

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Սմբատ Սաիյանը այսօր Ազգային ժողովի նիստու պատգամավորներին հորդորեց երկրորդ ընթերցմամբ դեմ քվեարկել կենսաթոշակների և նպաստների անկանխիկ վճարմանն անցնելու նախագծին, քանի որ պետք է կատարվեն ժամկետների փոփոխություններ:

Նշենք, որ խոսքը «Պետական կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխություններ լրացումներ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթի մասին էր, որը խորհրդարան բերել էր հենց կառավարությունը։ Պաշտոնյան հիշեցրեց, որ նախագիծը վերաբերում է կենսաթոշակների վճարման անկանխիկ եղանակի ներդրմանը: Մասնավորապես, նախատեսվում է որպես կենսաթոշակի վճարման հիմնական եղանակ սահմանել անկանխիկ եղանակը՝ բանկային հաշվի միջոցով վճարման եղանակը՝ բացառություններ սահմանելով որոշակի կատեգորիայի անձանց համար:

Բացառությունների շրջանակում անձինք կարող են իրենց կենսաթոշակը ստանալ իրենց ընտրությամբ՝ կանխիկ կամ անկանխիկ եղանակով: Օրինակ, եթե կենսաթոշակառուի 75 տարին լրացել է, կամ կենսաթոշակառուն 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամ է, կամ, այլ կերպ ասած, քաղաքացին ունի շարժունակության խնդիր, ապա նրա դիմումի հիման վրա կենսաթոշակը կարող է վճարվել կանխիկ կամ անկանխիկ եղանակով:

Կառավարությունն առաջին ընթերցմամբ քննարկման ժամանակ առաջարկում էր առաջին փուլում՝ 2020 թվականի հուլիսի 1-ից այս կանոնը տարածել Երևան, Գյումրի և Վանաձոր քաղաքներում: Դրանից հետո աստիճանաբար այն պետք է տարածվեր մնացած քաղաքներում, մեծ գյուղերում:

Եվ 2023 թվականից այն արդեն կգործեր նաև գյուղական այն բնակավայրերում, որտեղ կա 1000-ից պակաս բնակչություն:

«Հաշվի առնելով առկա իրողությունները՝ առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում քննարկումների արդյունքում որոշվել է համակարգի մեկնարկի ամսաթիվը տեղաշարժել 2 ամսով և սահմանել 2020 թվականի սեպտեմբերի 1-ը: Այս տարբերակը արժանացել է նաև ԱԺ հանձնաժողովի դրական եզրակացությանը: Սակայն հանձնաժողովի նիստից հետո շարունակվող քննարկումների արդյունքում նաև որոշում կայացվեց ամբողջ գործընթացը հետաձգել 6 ամսով:

Ըստ այդմ, մենք պետք է խնդրենք խորհրդարանին դեմ քվեարկել այս տարբերակին, որպեսզի կառավարությունը հնարավորություն ունենա ԱԺ կանոնակարգ օրենքի համաձայն՝ նախագիծն ուղարկել առաջարկությունների ներկայացման ռեժիմ, որպեսզի կարողանանք մեկ անգամ ևս քննարկել ժամկետների խնդիրը և լրամշակված տարբերակը ներկայացնել ԱԺ-ի քննարկմանը»,-նախագիծը հետ կանչելու պատճառը ներկաացրեց փոխնախարարը։

  • Կիսվել: