ուրբաթ, մայիս 10
10 / 5 / 2024
Կառավարությունն առաջարկում է լրացումներ կատարել «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» օրենքում

Կառավարությունն առաջարկում է լրացումներ կատարել «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» օրենքում

Ազգային ժողովը դեկտեմբերի 9-ին առաջին ընթերցումով քննարկել է ««Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» և ««Անձի ֆունկցիոնալության գնահատման մասին» օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» օրենսդրական փաթեթը:

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Տաթևիկ Ստեփանյանը նշել է, որ կարգավորումները տեխնիկական բնույթի են: Առաջարկվող փոփոխությունները հնարավորություն կընձեռեն մինչև անձի ֆունկցիոնալության գնահատման նոր համակարգի ներդրումը հաշմանդամության գնահատման գործընթացն իրականացնել առկա մեխանիզմներով և չափանիշներով:

Դրան զուգահեռ կիրականացվեն համապատասխան աշխատանքներ անձի ֆունկցիոնալության գնահատման համակարգն արդյունավետ ներդնելու ուղղությամբ: Աջակցող միջոցների տրամադրումը կդառնա առավել հասցեական: Ըստ փոխնախարարի՝ դա հնարավորություն կտա հաշմանդամություն ունեցող շուրջ 200000 քաղաքացու իրացնել իրենց իրավունքը: Նա կարևորել է գործընթացի ճիշտ գնահատումը և ծառայությունների արդյունավետ մատուցումը:

Ներկայացնելով ԱԺ աշխատանքի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը՝ Լիլիթ Ստեփանյանը նշել է, առաջարկվող կարգավորումը հնարավորություն կտա միասնական սոցիալական ծառայությանը իրականացնելու բժշկասոցիալական ծառայություն:

Ըստ պատգամավորի՝ բժշկասոցիալական ծառայությունների ընդլայնմանը զուգահեռ առաջիկայում գործող մասնագիտական խմբերում նոր մասնագետներ ունենալու անհրաժեշտություն է առաջանալու՝ առավել հասցեական ու թիրախային ծառայություններ իրականացնելու համար:

  • Կիսվել: