Կապանում հյուպատոսություն բացելու հարցում Ռուսաստանը սպասում է Հայաստանի պատասխանին. Զախարովա
Կապանում Ռուսաստանի Դաշնության գլխավոր հյուպատոսության բացման հետ կապված իրավիճակը չի փոխվել: Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
Նա, մասնավորապես, նշել է. «Մենք բազմիցս մեկնաբանել ենք այդ հարցը. ցավոք, իրավիճակը չի փոխվել: Հայկական կողմը համաձայնություն է տվել հյուպատոսություն բացելու վերաբերյալ, որից հետո ռուսական կողմը էկզեկվատուրա է խնդրել (գլխավոր հյուպատոսի ճանաչումը ընդունող երկրի կողմից), սպասում ենք պատասխանի»:
Զախարովայի խոսքով՝ հայկական կողմից համապատասխան պատասխան նյութեր չուղարկելու պատճառն արդեն ոչ թե իրենց, այլ Երևանին ուղղված հարց է:
Նշենք, որ Կապանում գլխավոր հյուպատոսությունը կլինի Հայաստանում Ռուսաստանի երկրորդ գլխավոր հյուպատոսությունը։ Առաջինը գտնվում է Գյումրիում: