շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
«Իսկանդեր-Մ» հրթիռների հայտնաբերման վերաբերյալ Բաքուն պաշտոնական նամակ է ուղարկել Մոսկվա

«Իսկանդեր-Մ» հրթիռների հայտնաբերման վերաբերյալ Բաքուն պաշտոնական նամակ է ուղարկել Մոսկվա

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտնել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ քննարկել է Ղարաբաղում «Իսկանդեր-Մ» հրթիռների հայտնաբերման վերաբերյալ տեղեկությունը, այդ կապակցությամբ Բաքուն պաշտոնական նամակ է ուղարկել Մոսկվա, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»։

Ավելի վաղ Ադրբեջանը հայտարարել էր «Իսկանդեր-Մ» հրթիռների բեկորներ հայտնաբերելու մասին, որոնք, ըստ Բաքվի, օգտագործվել են Հայաստանի կողմից 2020-ի աշնանը Ղարաբաղում պատերազմի ժամանակ: Ադրբեջանական կողմը հայտնում է, որ մարտի 15-ին օկուպացված Շուշի քաղաքում հայտնաբերվել է երկու հրթիռների բեկորներ տարածքները ականազերծելու ժամանակ։

«Ապրիլի 1-ին ես հեռախոսազրույց եմ ունեցել իմ ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինի հետ: Սովորաբար, ինչպես գիտեք, հեռախոսազրույցների բովանդակությունը համաձայնեցվում է երկու կողմերի հետ, տրվում է համատեղ, համաձայնեցված տեղեկատվություն: Ադրբեջանական ժողովուրդը պետք է իմանա ամեն ինչի մասին: Մենք քննարկել ենք այս հարցը (Պուտինի հետ – խմբ.): Իմ հանձնարարությամբ ՝ Ադրբեջանի ՊՆ-ն պաշտոնական նամակ է ուղարկել լուսանկարներով, ապացույցներով: Բայց մինչ այժմ մենք պատասխան չենք ստացել», – ասել Ալիևը Դիվանագիտական ​​ակադեմիայում կայացած «Նոր հայացք դեպի Հարավային Կովկաս. հետհակամարտային զարգացում և համագործակցություն» խորհրդաժողովում:

Միևնույն ժամանակ, Ալիևը հրթիռների մասին պաշտոնական Երևանի հայտարարությունները որակել է «տարօրինակ»:

«Նրանք կամ խոսում են չպայթած հրթիռների մասին, հետո ասում են, որ դա գաղտնիք է: Մենք սպասում ենք Երևանի պաշտոնական պատասխանի: Մենք ունենք բավարար տեղեկատվություն, բայց մենք սպասում ենք պաշտոնական բացատրությունների »,-ասել է Ալիևը։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին ադրբեջանական կողմը մարտական գործողություններ է սկսել Լեռնային Ղարաբաղում և օկուպացրել է դրա մեծ մասը, այդ թվում՝ Շուշի քաղաքը։

Նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն ընդունեցին սեպտեմբերի 27-ից սկսած ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։

Եռակողմ հայտարարության մեջ մասնավորապես նշվում է, որ մինչև նոյեմբերի 15-ը Ադրբեջանին է վերադարձնում Քելբաջարը (ավելի ուշ այդ ժամկետը 10 օրով երկարաձգվեց-խմբ.), մինչև նոյեմբերի 20-ը՝ Աղդամի շրջանը, մինչև դեկտեմբերի 1-ը՝ Լաչինի շրջանը` թողնելով միջանցք 5 կմ լայնությամբ, որը ապահովելու է Հայաստանի կապը, սակայն չի շոշափելու Շուշին։

Բացի այդ, շփման գծի երկայնքով Լեռնային Ղարաբաղում և Լաչինի միջանցքում հաստատվում են ռուսական խաղաղապահ ուժեր 1960 զինվորականի չափով, հրազենային զենքով, 90 զրահատրանսպորտային և 380 ավտոմեքենաներով և հատուկ տեխնիկայով։ Խաղաղապահները մնում են հինգ տարի ժամանակով` ավտոմատ երկարացման հնարավորությամբ, եթե հաջորդ հինգ տարվա համար կողմերը ժամկետի լրանալուց վեց ամիս առաջ չեն հայտարարում այս դրույթի կիրառությունը դադարեցնելու մասին։

Նշվում է նաև, որ ներքին տեղահանվածները և փախստականները վերադառնում են ԼՂ և հարակից շրջաններ, իրականացվում է ռազմագերիների փոխանակություն և մյուս պահվող անձանց փոխանակություն, ապաարգելափակվում են բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերը տարածաշրջանում։

  • Կիսվել: